Ոստիկանությունը գնում է փոփոխությունների. զորքերը ներգրավելու են միայն զանգվածային անկարգությունները կանխելու համար
2017 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում գրանցվել է հանցագործության 12.484 դեպք, որից բացահայտվել է 10.606-ը, սրանց մեջ առանձնապես ծանր հանցագործությունների բաժինը 1 տոկոս է կազմում, այսինքն՝ 122 դեպք, որը 22-ով պակաս է նախորդ ութամսյակի ցուցանիշից: Նշվածից բացահայտվել է 82-ը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Նա նաև հայտնեց, որ ծանր հանցագործությունների 1606 դեպք է գրանցվել, որը 477-ով պակաս է, բացահայտվել է 980-ը:
Մահվան ելքով ՃՏՊ-ների 102 դեպք է գրանցվել, գողության 3716 դեպք, որն աճել է 42 դեպքով, մարդկանց թրաֆիկինգի 8 դեպք է գրանցվել:
Հովհաննես Քոչարյանն ասաց, որ հասարակական հնչեղության վերջին հանցագործությունները տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են տվել, որպեսզի ոստիկանության անգործության վերաբերյալ անհիմն կարծիքներ լինեն: «Սակայ քրեական վիճակագրությունը վկայում է, որ հանցանպաստ գործոնները հայտնի չափով գտնվում են իրավապահ մարմինների հսկողության ներքո»,-հավաստիացրեց նա, միաժամանակ նկատեց, որ չնայած առանձին քննադատական գնահատականների զգացմունքայնությանը՝ ոստիկանությունը կիսում է հասարակական մտահոգություններն ու վերանայելու է օպերատիվ հետախուզության գործունեության բնագավառում իր որոշ մոտեցումները:
Քոչարյանի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Կառավարությունը ոստիկանությունից պահանջել է առավել համակարգված, հնարավորինս իրատեսական ու չափելի առաջարկների ներկայացում՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտներն ու ՀՀ միջազգային պարտավորվածությունները: Հաշվի առնելով սա՝ ոստիկանությունը պատրաստել է ու շուտով կներկայացնի ոստիկանության՝ 2017-2020 թթ բարեփոխումների նախագիծը:
«Ոստիկանությունն առաջարկելու է, որպեսզի ոստիկանության զերքերի գործունեությունը կարգավորվի բացառապես ոստիկանության իրավական ակտերով Ոստիկանության մասին օրենքով, այսինքն՝ զորքերը ներգրավելու են միայն զանգվածային անկարգությունները կանխելու համար, ցույց ներգրավելու համար զորքեր չեն ներգրավվում: Այն, ինչ դուք տեսել եք, դրանք կանխարգելիչ միջոցառումներ են, և նրանց ներկայությունն ապահովվում է, բայց նրանք հավաքներին չեն միջամտում, եթե իհարկե, անկարգություններ չեն սկսվում»,-պարզաբանեց Հ. Քոչարյանը: