«Զինված խմբի» ղեկավարը երկու միլիոնի զինվորական պարագաներ է գնել.ասել է՝ ֆիլմի համար է
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը։
Իր ցուցմունքում վկա «Զինվոր» խանութի տնօրեն Արմեն Մովսիսյանը նշեց , որ Արթուր Վարդանյանը եղել է իր խանութի հաճախորդը:
«Արթուր Վարդանյանը պարբերաբար գնումներ է արել մեր խանութից: Գնել է տարբեր զինվորական աքսեսուարներ: Նրա հետ հաճախ լինում էր նաև մի աղջիկ»,-մանրամասնեց վկան:
Ի դեմս ամբաստանյալ Արթուր Վարդանյանին ուղեկցող աղջկա վկա Մովսիսյանը ճանաչեց ամբաստանյալ Նելի Մինասյանին:
Վկան նշեց, որ Արթուր Վարդանյանը մեկ ու կեսից՝ երկու միլիոն դրամի սահմաններում գնումներ է կատարել: Մանրամասնելով ասելիքը վկան նշեց, որ Արթուր Վարդանյանը իրենից գնել է ՝ արմնկակալ, գոտի, գլխարկ, դիմակ :
Դատախազի ճշտող հարցին, թե Արթուր վարդանյանը զրահապատ բաճկոն գնել է, վկան արձագանքեց, որ իրենց խանութում զրահապատ բաճկոններ չեն վաճառվում:
«Նա միայն մարտական բաճկոն է գնել: Քանի որ շատ բաներ էր գնում, հետաքրքրվեցի, թե ինչի համար է: Նա ասաց, որ ֆիլմի նկարահանման համար է: Ֆիմի անունով չեմ հետաքրքրվել, բայց ինչ-որ հայրենասիրական ֆիլմ էր»,-հայտնեց վկան:
Արմեն Մովսիսյանի փոխանցմամբ՝ Արթուր Վարդանյանի գնած համազգեստները դրված են եղել ազատ վաճառքի:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն: Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):