«Արթուրը տունը վարձեց երեք աղջկա հետ». «Զինված խմբի» գործ
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 30 րոպե ուշացումով շարունակվում է 2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը։
Դատավարանում այսօր ցուցմունք տվեց վկա Շողիկ Համասի Հախվերդյանը, ում պատկանում է այն տունը, որտեղ վնասազերծվել է զինված խմբավորումը:
«Հոկտեբերի 25-ին վարձով եմ տվել տունս` բրոկերների միջոց: Տունը վարձակալել է Արթուր Վարդանյանը, ով առաջին անգամ հանդիպման էր եկել Մարինեյի հետ: Արթուրը Մարինեյին ներկայացրեց, որպես իր կազմակերպության հաշվապահ: Տվել եմ մեկ ամսով՝ 500 դոլար գումարով: Հետո Արթուրը Մարինեյի միջոցով չորս օր խնդրել էր երկարացնեմ: Ուղղակի կարիք ունեի , դրա համար էլ տունս տվել էի վարձով ու մորս տանն էին ապրում ժամանակավոր: Արթուրի հետ կապ չեմ ունեցել: Երբ տունը տվեցի նրան հետը՝ 3 աղջիկներ կային , անունները՝ Մարինե, Նելի, Ասյա: Իմ կապը եղել է Մարինեի հետ: Եղանակը ցրտել էր, մայրս տաք հագուստ պետք է վերցներ ու մի քանի օր պետք եղավ, որ ստացվեր մտնեինք տուն: Արթուրը պահանջել էր, որ այդ մեկ ամսվա ընթացքում տուն չգնանք»,-պատեց վկան:
Շողիկ Հախվերդյանը նշեց, որ ոստիկանությունը իր վնասը փոխհատուցել է ու իր տան դարպասն ու ջարդված պատուհանները վերականգնվել են:
Արթուր Վարդանյանը մի քանի հարց տվեց վկային: Փաստաբանն էլ հարցրեց. «Արթուրն էր ջարդե՞լ Ձեր տան իրերը»:
«Արթուրը ինչի պետք է ջարդեր, տուն էր վարձել, որ ապրեր»,-արձագանքեց վկան:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին: