Հոգեւոր առաջնորդները պետք է կոչ անեն ԼՂ հակամարտող կողմերին՝ դադարեցնել արյունահեղությունը․ պատրիարք Կիրիլ
Հայաստանի եւ Ադրբեջանի հոգևոր առաջնորդները պետք է կոչ անեն Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը և կոնկերտ քայլեր ձեռնարկեն՝ նրանց հաշտեցնելու ու փախստականներին վերադարձնելու ուղղությամբ: Նման հայտարարություն է արել Մոսկվայի և Համայն Ռուսիայի պատրիարք Կիրիլը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասի մահմեդականների վարչության առաջնորդ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ, գրում է РИА Новости-ն։
«Իմ խորին համոզմամբ՝ հոգևոր առաջնորդների դերն է կոչ անել հակամարտության կողմերին վերջ դնել արյունահեղությանը՝ հանուն իրենց քաղաքացիների թանկարժեք կյանքի պահպանման, և հստակ քայլեր ձեռնարկել երկու կողմերին հաշտեցման, փախստականներին վերադարձնելու և նրանց անվտանգության ապահովման ուղղությամբ», – ասել է պատրիարքը:
Նա նշել է, որ շատ բարձր է գնահատում հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման հնարավորությունը, որոնց «բարդ է հեռու մնալ շարունակվող ողբերգական հակամարտությունում»:
Պատրիարքը նշել է, որ ներկա իրավիճակը պարտադրում է մշակել և իրականացնել քայլեր՝ ուղղված երկու ժողովուրդների միջև վստահության հաստատմանը:
«Կարծում եմ՝ շատ կարևոր է բարոյական ազդեցություն ունենալ երիտասարդ սերնդի վրա: Երիտասարդությունը պետք է սովորի ապրել խաղաղությամբ, հարգել միմյանց՝ կարողանալով գտնել ընդհանուր լեզու, հակառակ դեպքում, երիտասարդները, ովքեր ծայրահեղ հայացքներ են ունենալու հարևանների նկատմամբ, կարող են հեշտությամբ ընկնել ծայրահեղականների ձեռքը: Քրիստոնյաների ու մուսուլմանների համար հատկապես կարևոր է միասին վկայել բարոյական արժեքների մասին, որոնք քարոզվում են մեր հավատքներով՝ սուրբ հավատի պարգևների և գթասրտության մասին, ինչպես նաև Աստծո ներկայության մասին մարդկության պատմության մեջ»,- ասել է նա։