Հորդոր եվրոպացի գործընկերներին՝ ուսումնասիրել ու համապատասխան գործողություններ անել (տեսանյութ)
«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջան ու կոռուպցիա հասկացությունները նույնանուն են, և Ադրբեջանը մի երկիր է, որը թե ԵԽԽՎ-ում, թե տարբեր հարթակներում փորձել է կոռուպցիոն գործողություններ ծավալել, և դրա նպատակը եղել է նաև հակահայկական գործունեությունը: Եվ ես կարծում եմ, որ մեր եվրոպացի գործընկերները կիրականացնեն քննություն, և այդ ամեն ինչը կունենա տրամաբանական շարունակություն, իսկ տրամաբանական շարունակությունը տարբեր տիպի սանկցիաներն են: Ինձ համար նորություն չէ նման կոռուպցիոն սկանդալը, որովհետև Ադրբեջան պետության էությունը նացիզմն է, ֆաշիզմը, ռասիզմը, հայտայացությունը, և մյուս կողմից էլ նաև հակաժողովրդավարություն ու կոռուպցիան»,-այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով մամուլում ակտիվորեն շրջանառվող «ադրբեջանական լվացքատուն» անունն ստացած վերջին սկանդալային պատմություններից:
Շարմազանովի համար զավեշտալի է հարևան պետության ղեկավարության պաշտոնական հայտարարությունը, թե այս ամենի հետևում հայկական լոբբին է կանգնած: Նա կոչ արեց երոպացի գործընկերներին քննարկել ու հետևություններ անել:
Ըստ նրա՝ նաև նորություն չէ, որ Ադրբեջանը հակահայկական քաղաքականության մեջ հսկայական գումարներ է ներդրել: «Սա փաստ է, և ես չեմ բացառում, որ առաջիկայում նոր փաստեր կլինեն, որովհետև չեմ կարծում, որ Ադրբեջանի ղեկավարությունն այդքանով կսահմանափակվի, միայն 1 կամ 2 երկրների պատգամավորներին կաշառելով»,-նկատեց ՀՀԿ խոսնակը:
Մանրամասները՝ տեսանյութում: