«Յուրաքանչյուր իշխանության համար դա ինքնասպանություն կլինի…»
Պատմական գիտությունների թեկնածու, The National Interest, Forbes, The Hill և American Thinker պարբերականների մշտական հեղինակ ու փորձագետ Արեգ Գալստյանը չի կարծում, որ վաղը կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը փոփոխություն կարող է բերել բանակցային գործընթացին: Արեգ Գալստյանը Henaran.am-ի հետ զրույցում պնդեց, որ Մինսկի խումբը արդեն վաղուց չի զբաղվում ղարաբաղյան կոնֆլիկտի լուծմամբ՝ չունենալով մեխանիզմներ ու հնարավորություններ: «Մինսկի խումբն ընդամենը ձևաչափ է, որը փորձում է պահպանել բանակցային գործընթացը, կազմակերպել հանդիպումներ նախագահների, Արտաքին գործերի նախարարների միջև»,-նշեց նա:
Վերջինս ասաց, որ կոնֆլիկտի լուծումը կարող է լինել միայն այն դեպքում, երբ կողմերի՝ Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև որևէ փոխհամաձայնություն լինի, քանի որ դրսի «խաղացողների» ազդեցությունը որքան էլ մեծ է, նրանք չեն կարող ստիպել Հայաստանին որևէ բան հանձնել, չեն կարող ստիպել Լեռնային Ղարաբաղին ինչ-որ գործունեություն ծավալել, միևնույն ժամանակ Ադրբեջանին՝ հետ կանգնել իր պահանջներից: «Իրադրությունն այնպիսին է, որ Հայաստանը ոչ մի կտոր հող չի պատրաստվում հանձնել: Բանակցություններ, որքան ուզում են, թող վարեն, ոչ ոք ոչինչ չի հանձնի երբեք: Սա հաստատ է: Թող Ադրբեջանը մտածի, ենթադրի, թե որոշակի զիջումներ են լինելու, թող Մոսկվան էլ այդպես մտածի, թող Վաշինգտոնն ու եվրոպացիներն էլ դա պահանջեն, ոչ ոք չի խանգարում, բայց կարևոր է, որ տարածքներ չեն հանձնվելու»,-վստահ է Արեգ Գալստյանը:
Բացի այդ նա նկատեց, որ մենք էլ շատ լավ հասկանում ենք, որ նույնիսկ տարածքների դիմաց Ադրբեջանը չի համաձայնի այն կարգավիճակին, որ մենք Ղարաբաղն է պահանջում, և մենք էլ ասում ենք՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ: «Իսկ մնացածը դիվանագիտական հնարքներ են: Պետք է չէ՞ որևէ կերպ բացատրել, թե բանակցություններն ինչու են ընթանում, թե Մինսկի խումբն ինչու կա: Բայց Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճակատագիրն ամբողջապես պայմանավորված է տեղի բնակչության ցանկությամբ ու կամքով, ինչպես նաև Հայաստանով: Սա մեկ միավոր է: Եվ որքան հասարակության մոտ կա շատ հստակ տեսլական, որ ոչինչ երբևէ չի հանձնվելու, ոչ մի իշխանություն դրան չի գնա, քանի որ յուրաքանչյուր իշխանության համար դա ինքնասպանություն կլինի, իսկ իրենք ինքնասպաններ չեն»,-շեշտեց Արեգ Գալստյանը: