Վահան Շիրխանյանը կմնա կալանքի տակ.դատարանը մերժեց միջնորդությունը
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Զինված խմբի» գործով դատաքննությունը:
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր միջնորդություն ներկայացրեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը, կամ նրան ազատ արձակել գրավի դիմաց:
Պաշտպանը նշեց, որ Վահան Շիրխանյանին կալանքի տակ պահելու հիմքեր ի սկզբանե չեն եղել, պետք է հաշվի առնել իր պաշտպանյալի տարիքն ու առողջական վիճակը: Հայկ Ալումյանի միջնորդության միացան նաեւ գործով այլ պաշտպաններ:
Գործով դատախազն առարակեց Հայկ Ալումյանի միջնորդությանը` նշելով, որ միջնորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման:
Հայկ Ալումյանը նաեւ միջնորդություն ներկայացրեց թույլ տալ Վահան Շիրխանյանի տեսակցությունը ԶԼՄ ներկայացուցիչների հետ, սակայն, դատավոր Բեկթաշյանը նշեց, որ դատարանը Վահան Շիրխանյանի տեսակցությունների մասով որոշում արդեն կայացրել է` թույլ տալով նրան տեսակցել մերձավոր բարեկամների հետ եւ այս մասով միջնորդությունը չի կարող քննարկվել:
Դատավորը վերադառնալով խորհրդակցական սենյակից` մերժեց միջնորդությունը` նշելով, որ այն անհիմն է:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: