Բիլիարդ բարում աղջկան պատանդ վերցրած տղամարդը պահանջել է ներս բերել 5 քաղաքացիների եւ փաստաբանի
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու դեպքի առթիվ:
Ոստիկանության աշխատակցի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2017թ. օգոստոսի 29-ին Երեւան քաղաքի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում մի տղամարդ, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ ժամը 15։30-ի սահմաններում, ֆիզիկական ազատությունից ապօրինի զրկելու ձեւով պատանդ է վերցրել Երեւան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի մի բնակչուհու՝ ծնված 1993թ.։ Մինչ այդ կոտրվել են նաեւ խաղասրահի պատուհանների ապակիները, վնասվել գույքը:
Խաղասրահի մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիների, ահազանգով դեպքի վայր եկած իրավապահ մարմինների աշխատակիցների ներկայությամբ տղամարդը, դանակը պահելով երիտասարդ կնոջ կոկորդի մոտ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների եւ փաստաբանի՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել պատանդին։
Կնոջն ազատ արձակելուն ուղղված բանակցություններն արդյունք չեն տվել, եւ տղամարդը հրաժարվել է ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջներին։ Պատանդ վերցված կնոջ կյանքին սպառնացող իրական վտանգը կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից իրականացվել է հատուկ գործողություն, որի ժամանակ տղամարդն ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երիտասարդ կնոջը պատանդ վերցնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով: Ստեղծվել է քննչական խումբ, եւ ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։