Զենքերը սրած՝ սպասում են. քաղաքապետը մեղադրեց Henaran.am-ին
Կենդանիների պաշտպանության կոմիտեի կամավորները ահազանգելով Henaran.am` նշեցին, որ Արթիկի քաղաքապետարանը բնակիչներին գումար է հատկացնում փողոցային շների սպանդի համար: Ըստ նրանց, մեկ շան համար տրվում է 700 դրամ:
“Բնակիչներն էլ զենքները սրած ողջ օրը ստարտի կանգնած` սպասում են: Էլ չենք ասում կրակոցների ձայները, մեկ շան վրա մի երեք հոգի հնարավոր է կրակեն”,-պատմեց մեր զրուցակիցը:
Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը:
“Մենք ունենք որսորդ միության անդամ, ազատամարտիկ, ում վճարել ենք գարնանը եւ իրականացրել է սպանդը”,-ասաց քաղաքապետը: Այս անգամ, սակայն բյուջեով փող չեն հատկացրել՝ չունեին:
“Մարդը սիրահոժար անում է, ոստիկանի ուղեկցությամբ՝ առավոտվա ժամերին, 6.00-6.30 սպանդ է իրականացվում, առավոտյան շուտ էլ կոմունալի մեքենաները տանում են սպանված կենդանիներին”,-ասաց քաղաքապետը:
Չգիտես ինչու, ՀՀԿ-ական քաղաքապետը Henaran.am-ին մեղադրեց պատվեր կատարելու մեջ:
-Այսինքն եթե հետաքրքրվում ենք շների սպանդով՝ պատվե՞ր է,-հակադարձեցինք:
-Ոչ, խոսքը նախկին նյութերի մասին է,-ասաց քաղաքապետը:
Փորձեցինք քաղաքապետից ճշտել, թե հատկապես որ նյութն է պատվիրվել: “Չեմ հիշում, ես ճղճիմ, վատ բաները չեմ հիշում”,-ասաց:
Վերջում Արթիկի քաղաքապետը խնդրեց “պատվիրողին փոխանցել, որ հանգստանա, քաշվի մի կողմ: “Երեք տարի հետո ընտրություններ կլինեն, մասնակցեք եւ ամեն ինչը իրա տեղը կընկնի”: