15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել տարերային աղետներից տուժած համայնքների հողօգտագործողներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերում է տարերային աղետների հետևանքների վերացմանը և պետական աջակցությանը: Անդրադառնալով հանրապետության տարածքում տեղացած կարկուտի հետևանքների ուսումնասիրության և հնարավոր լուծումների վերաբերյալ տրված հանձնարարականին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր կողմից իրականացվել են համալիր ուսումնասիրություններ և վեր են հանվել ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև տարվա ընթացքում տեղի ունեցած ցրտահարությունից, սելավներից էապես տուժած համայնքների հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման հնարավոր տարբերակները: Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրային պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին 1-ամսյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հողի հարկը, ոռոգման ջրի ձևավորված հասույթը, պետական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրված սերմերի դիմաց վճարման ենթակա գումարները նշված տարերային աղետներից 80-100 տոկոս տուժած համայնքների հողօգտագործողներին ըստ ներկայացված հայտերի զիջելու նպատակով»:

 

Կմշակվի մարզպետների աշխատանքի արդյունավետության տարեկան գնահատման կարգի նախագիծ

 

Երկրորդ հանձնարարականով Կարեն Կարապետյանն անդրադարձել է ՀՀ մարզպետների տարեկան գործունեության գնահատման հարցին: «Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման անհամաչափությունները մեր առջև կանգնած կարևորագույն մարտահրավերներից են։ Մենք պատրաստ ենք խրախուսել տեղական մակարդակում ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման ծրագրերը, ավելին, ուղղակի օժանդակել կամ մասնակցել դրանց իրագործմանը՝ պայմանով, որ տեղական և տարածքային իշխանությունները դրսևորեն բավարար նախաձեռնողականություն սեփական ռեսուրսները մոբիլիզացնելու ու արդյունավետ գործունեություն ծավալելու հարցում։

2017 թ. տեղական բյուջեների պլանավորման գործընթացում տեղական իշխանություններն ավելի հավակնոտ գտնվեցին. արդյունքում սեփական եկամուտների մասով պլանային ցուցանիշն առանց Երևանի ավելացել է 17.3 տոկոսով: Հուսադրող են նաև 2017 թ. սեփական եկամուտների հավաքագրման կիսամյակային ցուցանիշները. անցած տարվա կիսամյակային փաստացի հավաքագրման ցուցանիշը գերազանցվել է շուրջ 950 մլն ՀՀ դրամով», – նշել է վարչապետը։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ տարածքային ու տեղական ինքնակառավարման մակարդակում իրականացված ծավալուն ուսումնասիրությունների, մարզային ու համայնքային բազմաթիվ այցելությունների ու քննարկումների արդյունքում վեր են հանվել մի շարք ընդհանուր խնդիրներ, որոնք պահանջում են արդյունավետ և արագ լուծումներ: Այս առնչությամբ Կարեն Կարապետյանն ասել է. «Մասնավորապես, արմատական վերանայման կարիք ունեն տեղական բյուջեների սեփական եկամուտների պլանավորման ու կատարման գործառույթները։ Այս միջոցների հաշվին է նաև, որ տեղական ինքնակառվարման մարմինները բնակիչներին պետք է տրամադրեն իրենց լիազորությունների շրջանակում բավարար ծավալի ու որակի ծառայություններ, ձևավորեն բնակավայրերում բարվոք կենսամիջավայր։ Էական անհամաչափություններ, շատ անգամ կարգերով գնահատվող անհամաչափություններ են արձանագրվում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ինչպես ծառայությունների համադրելի ֆիզիկական ծավալներում, այնպես էլ այդ ծառայությունների համար իրականացվող ծախսերում։ Մեկ շնչի հաշվով հաշվարկային սեփական եկամուտները մարզերում տատանվում են 5.6 – 11.3 հազ դրամի շրջանակում:

Ծախսերի մասով՝ նույն համայնքում տարբեր նախադպրոցական ուսումնական հաստատություններում խմբերի քանակը, խտությունը, հաստիքները, աշխատավարձերն ու սննդի ծախսերն էապես տարբերվում են այլ հավասար պայմանների դեպքում։ Էական տարբերություններ են արձանագրվում նաև հանրակրթության բնագավառում. այսօրվա կառուցվածքի արդյունքում մեր դպրոցներում մեկ աշակերտի բերված ֆինանսավորումը տատանվում է 129 հազ. ՀՀ դրամից մինչև 5.5 մլն ՀՀ դրամ: Այստեղ լուրջ քայլեր պետք է իրականացնել կրթության անհրաժեշտ որակը բոլոր դպրոցներում ապահովելու առումով։

Գրեթե բոլոր մարզերում աղբահանությանը և սանմաքրման աշխատանքներին ուղղված ընդհանուր ծախսերը գերազանցում են հավաքագրված գումարները։ Կան մարզեր, որտեղ հավաքագրված գումարների կշիռն ընդհանուր ծախսերի մեջ կազմում է շուրջ 25 տոկոս, ընդ որում՝ շատ մեծ անհամաչափություն է նկատվում մեկ իրավաբանական անձի հաշվով հավաքագրված գումարների մեջ։ Մարզերում նշված ցուցանիշը տատանվում է 284 ՀՀ դրամից մինչև 1586 ՀՀ դրամ, այսինքն՝ 5.5 անգամ տարբերություն։ Իրավաբանական անձանցից աղբահանության իրականացման կնքված պայմանագրերի ցուցանիշը տատանվում է  5-30 տոկոսի շրջանակում։ 

Շատ տարբեր են մոտեցումները նաև մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարների հավաքագրման մասով՝ ծախսերի ամբողջական սուբսիդավորումից մինչև 100 տոկոս ծախսերի հավաքագրում։ Սոցիալական օժանդակության պատկերը մարզերում ևս խիստ տարբեր է։ Տատանվում է 1 -7.8 տոկոսի շրջանակում։ Մենք ունենք համայնքներ, որտեղ 15 տոկոս է, 20 տոկոս է և ավելին: Խոսքը գնում է միջինացվածի մասին:

Նշված խնդիրների լուծման գործընթացում առանցքային դերակատարում ունեն մարզպետները և իրենց կողմից իրականացվող գործողությունների արդյունավետությունը: Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ տարածքային կառավարման և զարգացման նախարարին 1-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել մարզպետների աշխատանքի արդյունավետության տարեկան գնահատման կարգի նախագիծը՝ գնահատման հիմնական ցուցանիշ դիտարկելով մարզում կատարված ներդրումների ծավալը, ստեղծված նոր աշխատատեղերը, առողջապահական  կազմակերպությունների տարեկան բյուջեի մեջ վճարովի ծառայությունների տեսակարար կշիռը, աղքատության շեմից ցածր գտնվող ընտանիքների թվի տեսակարար կշիռը մարզի ընտանիքների ընդհանուր թվի մեջ, համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը, աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում կատարված աշխատանքները, կրթական հաստատություններում՝ օրինակ աշակերտ/ուսուցիչ հարաբերակցությունը, ֆերմերային տնտեսությունների զարգացումը և գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրումը, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի, սեփական եկամուտների, ծառայությունների ու դրանց դիմաց հավաքագրումների ցուցանիշների դինամիկան»։  Վարչապետը տեղեկացրել է, որ արդեն կան մարզերի անձնագրերը, որոնցում 69 հայտանիշով գնահատվում է մարզը, և այդ անձնագրերը ներկայացվում և քննարկվում են ՀՀ մարզեր աշխատանքային այցերի ժամանակ: Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ քննարկվել է համատեղ տարբերակ, որն առաջիկայում կներկայացվի հաստատման. նախատեսվում է 11 խոշոր հայտանիշով տարեվերջին գնահատել մարզային թիմերի աշխատանքի արդյունավետությունը:

 

Ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կիրականացվեն փոքր ու միջին ջրամբարաշինության ծրագրեր

 

Վարչապետ Կարապետյանի մյուս հանձնարարականը հանրապետությունում փոքր ու միջին ջրամբարաշինության ծրագրերի իրականացման վերաբերյալ է: Կառավարության ղեկավարը նշել է, որ ջրային ռեսուրսների ոլորտում հիմնական խնդիրը ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության խիստ բարձրացումն է, որի պարագայում կապահովվի պատշաճ արձագանք գյուղատնտեսական ոլորտի զարգացումներին, մասնավորապես՝ գյուղացիական ոռոգելի հողերի աստիճանական ավելացումներին, ինչպես նաև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջերմաստիճանի բարձրացման և տեղումների արձանագրված նվազումներին։ «Ստեղծված իրավիճակում հանրապետությունում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ռազմավարության շրջանակում նոր լուծումների մշակումը և իրականացումը դառնում են խիստ անհրաժեշտ: Մասնավորապես, առանցքային դերակատարություն է ստանձնում միջին և փոքր մակերևութային ջրահոսքերի ամբարումը։ Նշվածի իրագործումը կհանգեցնի ոռոգման ջրառաջարկի պահանջների առավել ամբողջական բավարարման, կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև հնարավորություն կստեղծի ձևավորել նոր լրացուցիչ գոտիներ ու դրանցով պայմանավորված նշված տարածքներում բիզնեսի խթանման միջավայր», – նշել է կառավարության ղեկավարը՝ հանձնարարելով Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին 2-ամսյա ժամկետում կատարել համապատասխան ուսումնասիրություններ և համատեղ քննարկելով բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման և արտակարգ իրավիճակների նախարարների հետ կառավարության աշխատակազմ ներկայացնել հանրապետությունում միջին և փոքր ջրամբարաշինության ծրագրերի իրականացման վերաբերյալ առաջարկություններ և դրանց ֆինանսական գնահատականը:

 

Գյուղացիական տնտեսությունների և մթերող ձեռնարկությունների միջև կհաստատվեն պայմանագրային հարաբերություններ

 

Կառավարությունը հավանություն է տվել գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրին, բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևին և պիլոտային ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների վերաբերյալ տրամադրվող հաշվետվության ձևին: Նախարար Իգնատի Առաքելյանի խոսքով՝ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ամեն տարի մթերման արդյունքում մթերողների կողմից մնում են պարտքեր գյուղացիական տնտեսությունների նկատմամբ, և չեն կնքվում պայմանագրեր գյուղացիական տնտեսությունների և մթերող ընկերությունների միջև, որով կհստակեցվեն մթերման ենթակա ապրանքի քանակն ու արժեքը: Պիլոտային ծրագրով նախատեսվում է վերամշակման նպատակով պտուղ-բանջարեղենի և խաղողի մթերումներ (գնումներ) իրականացնող շուրջ 20 փոքր և միջին իրավաբանական անձանց շուրջ 2,4 մլրդ ՀՀ դրամի չափով մինչև 12 տոկոս տոկոսադրույքով և 1 տարով տրամադրվող վարկերը սուբսիդավորել մինչև 9 տոկոսային կետով, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3 տոկոս: Սուբսիդավորումն իրականացնելու  նպատակով գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ 2017 թ. պետական բյուջեում և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել 70,422.0 հազ. ՀՀ դրամ: Ակնկալվում է, որ պիլոտային ծրագրի իրականացման արդյունքում նախադրյալներ կստեղծվեն ոլորտում վարկունակության պահանջարկի մակարդակի բարձրացման համար: Դա կնպաստի գյուղմթերքների գնման դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումները կարճ ժամկետում կատարելուն, վերամշակողների և գյուղացիական տնտեսությունների միջև բերքի գնման պայմանագրային հարաբերությունների հաստատմանը, ծրագրի շահառու վարկառուների կողմից պտուղ-բանջարեղենային պահածոների և գինեգործական արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը և այլն: Վարչապետը հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին հետևողական լինել գործընթացը ճիշտ կազմակերպելու գործում. «Անպայման հետևում եք, որպեսզի այդ գումարը ճիշտ նեղ տեղերն ուղղվի, որովհետև եթե մենք 2.4 մլրդ ՀՀ դրամ ուղղենք մեր ընդհանուր մթերման դաշտ ու կարգավորենք այդ դիսբալանսը, լավ արդյունք կունենանք»:

 

 

Կառավարության որոշմամբ ստեղծվել է «Թվային Հայաստան» հիմնադրամ

 

Նպատակ ունենալով բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ապահովել թափանցիկություն և բարենպաստ բիզնես միջավայր ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ գործադիրն ընդունել է «Թվային Հայաստան» հիմնադրամ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին որոշում: Հիմնադրամի ստեղծումը պայմանավորված է ՀՀ թվային օրակարգի իրագործման անհրաժեշտությամբ, այն է՝ թվային նոր ռազմավարության մշակում, հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ձևավորում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի արդիականացում և տեղեկատվական անվտանգության աստիճանի բարձրացում, ինչպես նաև պետական ծախսերի կրճատում, վարչարարության պարզեցում, թափանցիկության, հաշվետվողականության բարձրացում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, քաղաքացիներին և բիզնես ոլորտին պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի, մատչելիության և արդյունավետության բարձրացում: «Շատ կարևոր գործընթաց է: Մինչ այս հիմնադրամի կայանալը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը նույն տեմպով պետք է շարունակի աշխատանքը, և հետո հստակ կձևակերպենք հիմնադրամի ու կենտրոնի համագործակցության բանաձևերը», – նշել է Կարեն Կարապետյանը:

 

 

Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները տնտեսական գործունեության հաշվետվություն կներկայացնեն

 

ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի զարգացման նպատակով կառավարությունը հաստատել է երկրների թիրախավորման տնտեսական չափանիշները, թիրախային երկրների ցանկը սահմանելու և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական գործունեության կատարողականի գնահատման չափանիշները: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել է, որ կա նաև առանձնացված երկրների մեկնարկային ցանկ, որոնց մասով հատուկ ուշադրություն է լինելու, և այդ ցանկը ենթակա է ընդլայնման: Կարեն Կարապետյանը կարևորել է որոշման ընդունումը՝ նշելով, որ ՀՀ դեսպանների դիվանագիտական կորպուսի հաշվետվության մեջ ներառվելու է տնտեսական բաղադրիչը, ձևավորվելու են երկրների ռանգավորման հայտանիշներ՝ ըստ ծավալների, հետաքրքրությունների ու հեռանկարների և տարեվերջին ներկայացվելու են բոլոր հաշվետվությունները:

 

 

Կառավարությունը վերաբաշխումներ է կատարել ՀՀ 2017 թ. պետական բյուջեում

 

  Փոփոխություն կատարելով նախկին որոշման մեջ՝ գործադիրը որոշել է ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար ՀՀ 2017 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին հատկացնել 14,475.0 հազ. դրամ: Որոշման ընդունմամբ կվերակառուցվի ՀՀ Վայոց ձորի մարզի Շատին համայնքի մանկապարտեզի շենքը: Մեկ այլ որոշմամբ կառավարությունն իր պահուստային ֆոնդից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հատկացրել է 2017 թ. 9 ամսում 1,190,693.5 հազ. ՀՀ դրամ` ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար:

Վերաբաշխում կատարելով ՀՀ 2017 թ. պետբյուջեում՝ գործադիրը որոշել է «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» ծրագրերով իրականացված գնումների մրցույթների արդյունքում առաջացած 797.7 մլն ՀՀ դրամի չափով տնտեսումների շուրջ 70 տոկոսը՝ 559.5 մլն ՀՀ դրամն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, իսկ մնացած 30 տոկոսը՝ 238.2 մլն ՀՀ դրամը վերաբաշխել ճանապարհների առանձին հատվածների անցանելիության ապահովման, նոր այլ օբյեկտների ընթացիկ և միջին նորոգման նպատակով: Վարչապետ Կարապետյանը հիշեցրել է, որ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը պետք է միջհամայնքային այլընտրանքային ճանապարհների տարբերակներ ներկայացներ, ինչին ի պատասխան նախարար Վահան Մարտիրոսյանը զեկուցել է, որ առաջարկությունները պատրաստ են և այսօր կներկայացվեն:

 

Շարունակվում է պետական աջակցությունը ներդրումային ծրագրերին

 

Գործադիրը որոշում է ընդունել «ԱՆԴ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2017 թ. օգոստոսի 15 – 2018 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու վերաբերյալ: Այգեգործությամբ (խնձորի այգիներ) և մեղվաբուծությամբ զբաղվող «ԱՆԴ» ՍՊԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է վերազինել արդեն իսկ գործող այգիները՝ հակակարկտային ցանցերով, ինչպես նաև կազմակերպել մեղրի և խնձորի քացախի արտադրություն: Ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 68,5 մլն ՀՀ դրամի չափով ներդրում, որից ժամանակակից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 64,4 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի 12 աշխատատեղ, միջին աշխատավարձը 2017 թ.՝ 77000 ՀՀ դրամ, 2018 թ.՝ 82000 ՀՀ դրամ և 2019 թ.՝ 85000 ՀՀ դրամ: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է շահառուներին պարբերաբար իրազեկել հակակարկտային ցանցերի օգտագործման, ինչպես նաև նոր ծրագրի մասին, քանի որ հաջող փորձը պետք է անպայման տեսանելի լինի:

Հաջորդ որոշմամբ կառավարությունը «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Կոմիտասի 49/3 հասցեում գտնվող շենքի 2-րդ մասնաշենքի (գրապահոց) 860.5 քառ. մետր մակերեսով նկուղային տարածքը և 1-ին հարկի 649.2 քառ. մետր մակերեսով տարածքը հետ է վերցրել և 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրել «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպությանը` գործարար ծրագիր իրականացնելու նպատակով: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշել է, որ «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի հետ բավական ինտենսիվ քննարկումներ են իրականացվել, բացի սիրիահայերից, գործարար ծրագրերում ներգրավված է նաև մի քանի միջազգային կազմակերպություն: Նախատեսվում է տարածքում կազմակերպել փոքր արտադրություններ:

 

Առողջապահության ոլորտի բարեփոխումների շրջանակում լուծարվել է 2 ընկերություն

 

Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առողջապահության ոլորտում գործող «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» և «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները լուծարելու մասին և հանձնարարել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին` լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով: Ակնկալվում է նշված ընկերություններին ուղղված ֆինանսական միջոցները տրամադրել այլ կազմակերպությունների՝ բժշկական օգնությունն ու սպասարկումն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:  «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ում աշխատում է 99 մարդ, խնայողությունը կկազմի 100.0 մլն ՀՀ դրամ, իսկ «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ում՝ 34 մարդ, խնայողությունը կկազմի 47.0 մլն ՀՀ դրամ:

Գործադիրը հավանություն է տվել ծխելու դեմ պայքարի ռազմավարությանը և այդ ռազմավարության 2017-2020 թթ. միջոցառումների ծրագրին: Ռազմավարությամբ կնախանշվեն ծխելու դեմ պայքարի գերակայությունները՝ ուղղված ծխախոտի իրացման, սպառման օգտագործման սահմանափակումների սահմանմանը (հարկային օրենսդրության վերանայում, օգտագործման համար արգելված վայրերի ընդլայնում, իրազեկման արդյունավետ գործիքների մշակում և այլն): Որոշման նպատակն է պահպանել բնակչության առողջությունը և նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկը` կրճատելով ծխախոտի օգտագործման տարածվածությունը: 

 

Այլ որոշումներ

 

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման ընթացակարգերի բացակայությամբ: Ակնկալվում է ստեղծել իրավական հիմք ընդերքօգտագործման արդյունքում շրջակա միջավայրի աղտոտվածության առավել ամբողջական և տեղեկատվական տեսակետից արդյունավետ գործող համակարգի ձևավորման համար: Օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Գործադիրը որոշել է «ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված «Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հանրակացարանում բնակվող ՀՀ քաղաքացիներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները` համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով: ՀՀ Արմավիրի մարզպետին հանձնարարվել է 6-ամսյա ժամկետում կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:

Կառավարությունը փոփոխություն է կատարել որոշումներից մեկում՝ մանկատան շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրման գործընթացը կանոնակարգելու նպատակով: Որոշման համաձայն՝ մանկատունը կաջակցի մանկատան սանին մինչև իր 18 տարեկանը լրանալը, որևէ առևտրային բանկում բացելու իր անունով բանկային հաշիվ, ինչպես նաև կապահովի դրամական օգնության տրամադրման հայտ-պահանջագրի  ներկայացումը նախարարություն:

2005 թ. ընդունված «Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման փոփոխությամբ գործադիրը որոշման մեջ սահմանվող «երկարափող հրազեն» հասկացությունը համապատասխանեցրել է «Զենքի մասին» ՀՀ օրենքի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ սահմանված նորմերին: Ակնկալվում է, որ փոփոխության արդյունքում ՀՀ-ում քաղաքացիական և ծառայողական զենքի ներմուծումը կիրականացվի առանց տեխնիկական խոչընդոտների:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ