Եվրահանձնաժողովի շենքի մոտ Թուրքիայի դեմ բողոքի ակցիա է անցկացվել
Բրյուսելում, Եվրահանձնաժողովի շենքի դիմաց մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել՝ կոչ անելով Թուրքիային ազատ արձակել մի քանի օր առաջ Ստամբուլում ձերբակալված իրավապաշտպաններին:
Միջանկյալ նշենք, որ Ստամբուլում հուլիսի 5-ին 10 իրավապաշտպաններ էին ձերբակալվել, որոնցից 5-ը արդեն ազատ են արձակվել: Ձերբակալվածների մեջ էին նաև «Amnesty International» միջազգային իրավապաշտպանական կազմակերպության Թուրքիայի բաժնի տնօրեն Իդիլ Էսերը, ինչպես նաև՝ Օզլեմ Դալքըրանը, Գյունալ Քուրշունը, Վելի Աջուն, Ալի Գարավին և Պետեր Շթոյդները:
Թուրքական «Diken» թերթի կայքը, հրապարակել է լուսանկարներ ցույցից, որոնցում երևում է, որ ցուցարարները պարզել են պաստառներ՝ «Թուրքիա. ազատ արձակիր իրավապաշտպաններին», «Թուրքիա. դադարեցրու բռնաճնշումները» գրություններով:
Թուրքական աղբյուրը չի հաղորդում, թե ում նախաձեռնությամբ է կազմակերպվել բողոքի ակցիան: