«Ուղղակի խայտառակություն է»
Արդեն նախորդիվ հայտնել ենք՝ վերջերս մամուլում լուրեր են պտտվում այն մասին, որ սեպտեմբերից Երեւանում բարձրանալու է հանրային տրանսպորտի ուղեվարձը:
Այդուամենայնիվ, ընդգծենք՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակագմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը հերքել է այն լուրերը, թե սեպտեմբերին սակագնի փոփոխություն է սպասվում:
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ Երևանի ավագանու ՝ «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Ավագանու կուլիսներում նման հարց չի քննարկվում: Համենայն դեպս՝ ես տեղյակ չեմ: Թանկացման մասին կարող է խոսվել միայն որակական փոփոխությունների պարագայում: Հանրային տրանսպորտի այժմյան վիճակն ուղղակի խայտառակություն է: Այդուհանդերձ, եթե թանկացման մասին այս մակարդակով խոսակցություններ են պտտվում, հնարավոր է, որ նման մտադրություններ կան»:
Տիգրան Ավինյանը շեշտեց՝ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ, առհասարակ, երկրում տրանսպորտի ոլորտում շատ աշխատանքներ պետք է իրականացվեն և բարեփոխումներ իրականացվեն:
«Տրանստորտի աշխատանքի տրամաբանությունը պետք է փոխվի: Իսկ եթե այս վիճակը պետք է այսպես էլ մնա ու պիտի թանկացում լինի, դա ուղղակի խելամիտ չէ: Մենք հիշում ենք, որ մի անգամ արդեն փորձել են այդպես անել, բայց հասարակությունը բողոքի ալիք է բարձրացրել: Այնպես որ, իշխանությունները ինչ-որ քայլ անելուց առաջ պետք է մտածեն դրա հետևանքների մասին», – եզրափակեց Տիգրան Ավինյանը: