«Արցախա-ադրբեջանական հակամարտությունը նոր փուլ է թևակոխել» (տեսանյութ)
«Արցախա-ադրբեջանական հակամարտությունը նոր փուլ է թևակոխել: Ադրբեջանը պարբերաբար սրում է իրավիճակը շփման գծում, իրականացնում է դիվերսիոն գործողություններ, իսկ Ադբեջանը սեփական բնակչությանն օգտագործում է որպես կենդանի վահան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Երեկ տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարաների հանդիպումից հետո ԱԺ փոխնախագահը երեք կետ է առանձնացրել։ «Համանախագահները ևս մեկ անգամ վերահաստատում են բացառապես բանակցությունների միջով խնդրի կարգավորումը»,-նշեց Է. Շարմազանովը։ Երկրորդ կետն այն էր, որ հայկական կողմը ևս մեկ անգամ հաստատում է, որ առանց Վիենենայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածության անհնար է առաջընթաց ապահովել բանակցություններում։ «Երրորդը, որ Ադրբեջանը գործնականում չի իրականացնում Վիեննայի ու Պետերբուրգի պայմանավորվածությունները»,-նշեց նա։ Էդուարդ Շարմազանովը շեշտեց՝ հայկական կողմը պետք է շարունակի կոշտ դիրքորոշումը։ «Միջազգային հանրությունը պետք է ճանապարհներ փնտրի, որ Ադրբեջանը պայմանավորվածությունները կատարի»,-ընդգծեց նա: