Կարեն Բոթոյանը Մարտունիում այցելել է համայնքի միջոցներով բացված հանրային լողափ
Այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայցով Մարտունի համայնքում էր։
Մարզպետարանից հայտնում են, որ մարզպետը, Մարտունու համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանի ուղեկցությամբ, նախ այցելել է համայնքի միջոցներով բացված հանրային լողափ, տեղում ծանոթացել հուլիսի 22-ին կայանալիք Վարդավառի արարողությանը նվիրված տոնակատարության նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներին։
Կարեն Բոթոյանը նշել է, որ միջոցառումը պետք է անցկացվի բարձր մակարդակով և նոր ձևաչափով, այն դարձնելով ամենամյա։ Մարզպետը հավելել է նաև, որ նման կարգի միջոցառումը կարող է դառնալ ազգային մշակույթի մասսայականացման համար լուրջ հարթակ, որի արդյունքում տարածաշրջանը ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար:
Այնուհետ Մարտունու քաղաքապետարանում, տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում մարզպետը հատուկ քննարկման առարկա դարձրել է որոշ համայնքներում առկա ոռոգման ջրի հետ կապված խնդիրը։
Կարեն Բոթոյանը իր խոսքում նշել է, որ չնայած իրավական որոշակի թերացումների և տեխնիկական խնդիրների, այնուամենայնիվ, պետք է ամեն ջանք գործադրել, որպեսզի հնարավորինս արագ ապահովվի ոռոգման ջրի բավարար քանակություն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համայնքների ղեկավարների կողմից նեկայացված այլ բնույթի հարցեր։