Փողային նվագախմբից մինչեւ հսկա տորթ. Կապանում տոն է /ֆոտո/
Մոտ մեկ շաբաթ տեւեցին Սյունիքի մարզկենտրոն Կապանի տոնին նվիրված հանդիսությունները: Այսօր՝ հոկտեմբերի 19-ին քաղաքում կազմակերպված տոնախմությունը մեկնարկեց Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցված պատարագով` Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հայր Մակար տեր Հակոբյանի ձեռամբ: Հանդիսության մասնակիցները այնուհետեւ հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան գոյամարտի նահատակներին:
Կապանի երկրագիտական թանգարանում տոնի մասնակիցները ծանոթացան Կապանի պատմության էջերին, տարածաշրջանում պահպանված հին կենցաղային, գյուղատնտեսական գործիքների, հագուստների, հին ազնվական տոհմերի ընտանեկան լուսանկարների, բարերարների, նշանավոր կապանցիների դիմանկարներ, անձնական իրերի ցուցադրություններին:
Իսկ արդեն քաղաքապետարանի մերձակա հրապարակում փողային նվագախումբն էր, քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգում՝ մանկական համերգ էր եւ երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Միաժամանակ քաղաքի տարբեր հատվածներում ելույթ ունեցան գեղարվեստական մարմնամարզության դպրոցի սաները, անցկացվեց շախմատի մրցաշար, հեծանվավազք: Չարենցի փողոցում էլ կազմակերպված ուրախ տոնավաճառը ուղեկցվեց թատերակաանցված ազգային խաղերով, լարախաղացի ելույթով:
“Մեր քաղաքի պատմության այս ժամանակահատվածի կերտման պատասխանատվությունը մեզ վրա է դրված: Այդ դժվարին, բայց միաժամանակ փառավոր գործը շարունակենք նոր ոգով ու եռանդով` լիահույս լինելով, որ այդ ճանապարհին ունենալու ենք նորանոր հաջողություններ ու միասին տոնելու ենք շատ հաղթանակներ”, – ասաց քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:
Կապանցիներին շնորհավորեցին փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, “Դանդի Փրիշս Մեթալս Կապան” ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը, “Քաունթերփարթ ինտերնեյշնլի” հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարլ Հովսթրան եւ ուրիշներ:
Մինչ երեկոյան համերգն ու հրավառությունը, կապանցիներին անակնկալ մատուցեց քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդը: Վերջինիս ներկայացուցիչները պ 4 մ երկարությամբ եւ 2 մ լայնությամբ տորթ էին պատրաստել, որը քաղաքի տարբեր թաղամասերում բաժանվեց բնակիչներին: