Անել հնարավորը՝ իրավիճակի կայունացման համար․ ՌԴ ԱԳՆ-ի կոչը
Ռուսաստանն անընդունելի է համարում հետագա արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և կոչ է անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի իրավիճակը կայունանա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով ԼՂ հիմնահարցին ու վերջին օրերի լարվածոությանը։
«Կոչ ենք անում կողմերին անել հնարավորը՝ իրավիճակի կայունացման համար։ Բնականաբար, չենք կարող չմեկնաբանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից ստացված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 4-ի երեկոյան զորքերի շփման գծում տեղի է ունեցել հրադադարի հերթական խախտումը, ինչի հետևանքով գրանցվել են զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և երեխաների շրջանում: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին և մտերիմներին, անընդունելի ենք համարում հետագա արյունահեղությունը»,- ասել է Զախարովան: