Հայաստանը չի կարող միանալ ոչ Մաքսային միությանը, ոչ էլ Եվրոպական միությանը
՛՛Ինչքան էլ լացենք այսօր, հետ չի շրջվի այս որոշումը: Այս որոշումը նվեր է հայկական ինքնազոհության առումով Մոլդովային, Ուկրաինային ու Վրաստանին, որ ավելի ուժեղ դառնան ու բավարարեն Վիլնյուսում իրենց շահերը՛՛,-կարծում է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ը հիմա այլ աչքերով է նայում Հայաստանին և հիմա մեր խնդիրն է վերականգնել հավատն ու վստահությունը:
Կիրակոսյանը համոզված չէ, որ ՀՀ կառավարությունը հասկանում է, որ առանց Ասոցացման համաձայնագրի ԵՄ-ի հետ հարաբերություններում ավելի վառ են արտահայտվելու ՀՀ-ի թույլ կետերը՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության հետ կապված: ՛՛Նոր հարաբերություններ մշակելիս չափման ավելի խիստ պայմաններ են կիրառվելու հայկական կառավարության նկատմամբ՛՛,-նկատեց փորձագետը:
Քննարկման մյուս մասնակից քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ հավելեց, որ Մաքսային միություն դեռ չկա, ինչի մասին նույնիսկ Վ. Պուտինը գիտի: ՛՛Մենք հզոր ազգ ենք, ակտիվ խոսում ենք մի բանի մասին, որը չկա: Պուտինն էլ գիտի, որ Մաքսային միություն չկա՛՛,-նկատեց նա: Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը պետք է ԵՄ-ի հետ հարաբերություններում դադար վերցնի: Մենք դուրս եկանք այս պրոցեսից, մենք էլ պիտի նախաձեռնողը լինենք՛՛,-առաջարկում է նա:
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը հայտարարեց, որ այսօրվա Սահմանադրությամբ՝ Հայաստանը չի կարող միանալ ոչ Մաքսային միությանը, ոչ էլ Եվրոպական միությանը: