Այսօրվա կարևոր մասնագիտությունները բուհերում չեն ուսուցանվում
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը ընդունելություն է կատարում 43 մասնագիտությունների գծով, որից 10-ը արվեստի ոլորտի մասնագիտություններ են:
Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողովի քարտուղար Արտաշես Մարտիրոսյանը:
«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 2017-2018 ուսումնական տարվա առկա բակալավրիատի դիմում-հայտերի ընդունելության արդյունքում ավելի պահանջարկված մասնագիտություններ են բանասիրական ֆակուլտետը, հոգեբանություն, տարրական մանկավարժություն և մեթոդիկա, նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա, լոգոպեդիա, գործիքային կատարողականություն, պարարվեստ, որը արդեն 2 տարի մրցութային է»,-նշեց Մարտիրոսյանը:
Նա ընդգծեց, որ որոշ մասնագիտությունների գծով վերջին տարիներին դիմում-հայտերի ավելացում է նկատվել.«Դա ֆիզիկան է, կենսաբանությունն է, աշխարհագրությունը, անգլերեն լեզու և գրականությունը և ռուսաց լեզու և գրականություն մասնագիտությունները»:
Մարտիրոսյանը նկատում է, որ դիմորդները մասնագիտություն ընտրելիս հաշվի են առնում նաև, թե իրենց գյուղում որ մասնագիտության կարիքը ավելի շատ կա:
«Շատ ժամանակ մասնագիտություն են ընտրում ելնելով մտքի թելադրանքից: Մտքի թելադրանք ասելով նկատի ունեմ աշխատաշուկայի պայմանները»,-ընդգծեց Մարտիրոսյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ բիզնես թրեյներ Գրիգոր Առաքելյանն էլ որպես աշխատաշուկայի ներկայացուցիչ փաստեց, որ այսօր ավելացել է ևս մի կարևոր մասնագիտություն՝ դա ինտերնետ-մարկետինգն է:
«Վաճառքի մասնագետները մեր բիզնեսի մեջ այսօր ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագետներն են: Ցավոք, ոչ մի բուհ վաճառքի մասնագետներ չի պատրաստում: Այսինքն՝ մասնագետ, որը ինտեռնետով, հեռախոսով կարողանա որևէ ապրանք վաճառել»,-նշեց Գրիգոր Առաքելյանը:
Առաքելյանը ընդգծեց, որ այսօր մեծ պահանջարկ ունեցող այս մասնագետները պատրաստվում են միայն մի քանի ամսվա կուրսերի միջոցով: