Հայ-թուրքական հարաբերություններ, մարդու իրավունքների ոտնահարումներ․ Եվրախորհրդարանի զեկույցը Թուրքիայի մասին
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 51 կողմ, 3 դեմ ձայնով ընդունել է Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ Քեթի Փիրիի զեկույցը: Զեկույցի քվեարկությանը մասնակցած 68 պատգամավորից 14-ը ձեռնպահ է մնացել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sabah» թերթի կայքը:
Հոլանդացի զեկուցող Փիրին նշել է, որ ԵԽ -ում ներկայացված բոլոր խմբակցությունները Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ապագայի վերաբերյալ իրարից տարբեր մոտեցումներ ունեն: Նա նշել է, որ եվրոպական հանձնաժողովն ու խորհուրդը լռության են մատնում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները, մինչդեռ խորհրդարանը, ընդհանուր առմամբ, կայուն մոտեցում է դրսևորում: Միևնույն ժամանակ զեկուցողը շեշտել է, որ իրենց համար ամենադժվարը Խորհրդարանի միատեսակ կարծիքն ապահովելն է:
«Մեզ շատ են անհանգստացնում Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումները և դրանց հնարավոր հետևանքները: Եթե այսօրվա մեր առաջարկները կիրառվեն առանց սահմանադարական փաթեթը փոփոխելու, կնշանակի անհրաժեշտ է լինելու պաշտոնապես առկախել Թուրքիայի եվրաանդամակցության բանակացությունները», – հավելել է Փիրին:
Նշենք նաեւ, որ զեկույցի կետերից մեկով էլ կոչ է արվել Թուրքիային եւ Հայաստանին աշխատանքներ տանել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Նշվել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է հանգեցնել հարաբերությունների կարգավորման:
Հոլանդացի զեկուցողը շեշտել է, որ եթե Թուրքիա-ԵՄ բանակցությունները սառեցվեն, ապա կսառեցվեն նաև եվրաինտեգրմանը նախապատրաստվելու համար Թուրքիային հատկացվող դրամական միջոցները: Հարաբերությունների դադարեցման դեպքում Թուրքիա ուղարկված գումարները կտրամադրվեն տեղի հասարակական կազմակերպություններին, իսկ ԵՄ բյուջեով Թուրքիայի համար նախատեսված ֆոնդերը ուղղակիորեն կբաժանվեն թուրք ժողովրդին:
Փիրին նաև ընդունել է, որ վերջին 6 ամսում Թուրքիան շատ բան է արել փախստականների խնդրի լուծման համար: Զեկույցում արձանագրվել է, որ այս պահին Թուրքիայում 3.2 մլն փախստական կա: ԵՄ անդամ երկրներն էլ ամեն ջանք թափում են՝ Թուրքիայից ավելի շատ փախստական ընդունելու մասին իրենց խոստմանը հավատարիմ մնալու համար: Սակայն, ըստ Փիրիի, Թուրքիան էլ չպետք է թեման շահարկի և ԵՄ երկրների հասցեին խնդրի հետ կապված սպառնալիքներ հնչեցնի:
Աղբյուր` Ermenihaber.am