«Բանակցային լավ պոզիցիա պիտի ունենանք ու պաշտպանենք մեր շահերը»
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն, այսօր Ազգային ժողովում Կառավարության 2017-2022 թվականների ծրագրի քննարկման ժամանակ դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին, ասաց, որ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղի խնդրին, իսկ եթե կա էլ, ապա ընդամենը մեկ տեղ է:
Վարչապետն արձագանքեց, թե այս պահին չի մտաբերում՝ մեկ տող է գրված, թե ավելի շատ, բայց ամբողջ ծրագիրն ուղղված է մեր անկախությանն, անվտանգությանը: Նա նշեց, որ մենք պիտի ուժեղ լինենք, որ բանակցողը խոսի այն ձևաչափով, որ մենք ուզում ենք:
«Բանակցային լավ պոզիցիա պիտի ունենանք ու պաշտպանենք մեր շահերը»,-նկատեց նա, ապա հավելեց, որ եթե առաջարկներ կան, մեծ սիրով սպասում են:
Ուրիխանյանն արձագանքեց, թե անշուշտ առաջարկներ կան:
Իսկ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ հետաքրքրվեց, թե որն է լինելու արտաքին քաղաքականության վերաբերյալ փիլիսոփայությունը: Վարչապետը պատասխանեց՝ այն հետևյալն է լինելու.
«Ինչպես ենք ավելի ճկուն դիվանագիոտւթյուն ուղղում դեպի այն երկրները, որոնք չեն կողմնորոշվել ու որոնց հաշվին կարող ենք մեծացնել մեր բարեկամ երկրների ցանկը»: