Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի եզրափակիչ բանաձևը

Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի եզրափակից բանաձև
Մենք` 2017 թվականի հունիսի 16-18-ը քաղաք Ստեփանակերտում անցկացված Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի մասնակիցներս, արձանագրելով Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների իրողությունը և կարևորելով
- Հայկական երկու պետություններում քաղաքական համակարգերի կատարելագործումը,
 - Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորման իրավական կառուցակարգերի հետագա իրացումը,
 - Քաղաքական գործընթացներում հանրային կառավարման արդյունավետությունը,
 - Հայկական կուսակցությունների բացառիկ դերակատարությունը հայոց պետականության կերտման գործում և արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը համազգային նշանակություն ունեցող հարցերում,
 - Հայկական պետություններում կուսակցությունների վերլուծական և կառուցվածքային կարողությունների զարգացման նպատակով փորձագիտական ձևաչափերով քննարկումների համար հարթակների ստեղծման անհրաժեշտությունը,
 - Հայկական պետություններում տնտեսության առաջանցիկ զարգացումը և արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև սոցիալական արդարության նպատակային քաղաքականությունը՝.
 
- Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարի խախտման քաղաքականությունը, որն ուղեկցվում է նաև մարդկային զոհերով, միաժամանակ ընդգծում ենք, որ իրավիճակի հետագա սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
 - Վերահաստատում ենք մեր համոզմունքը, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հետագա զարգացման բացառիկ երաշխավորն անվտանգության միասնական համակարգն է, և հատկապես՝ հայկական զինված ուժերը:
 - Արձանագրում ենք, որ Ադրբեջանի կողմից վարվող հակահայկական քաղաքականությունը և ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքները լրջորեն վտանգում են բանակցային գործընթացը, խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունը և տարածաշրջանի անվտանգությունը:
 - Կարևորում ենք ԼՂ հիմնախնդրի՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծման և բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության ուղղակի մասնակցության անհրաժեշտությունը:
 - Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային հանրությանը հետամուտ լինել շփման գծում միջադեպերի ուսումնասիրության և հետաքննության մեխանիզմների ներդրմանը, դատապարտել Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական քաղաքականությունը, հրաժարվելով անարդյունավետ համահարթեցման մոտեցումներից՝ հասցեական գնահատականներ տալ և նախահարձակ կողմի նկատմամբ կիրառել զսպող մեխանիզմներ:
 - Փաստում ենք արտաքին քաղաքականության ոլորտում և միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար ռազմավարական նշանակության հարցերում կուսակցությունների համագործակցության անհրաժեշտությունը:
 - Արձանագրում ենք ներկուսակցական ժողովրդավարության և միջկուսակցական հարաբերությունների արդյունավետության մեծացման և հանդուրժողականության անհրաժեշտությունը:
 - Նպաստելու ենք ընտրական համակարգերի շարունակական կատարելագործմանը և քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը:
 - Վերահաստատում ենք Ստեփանակերտ քաղաքում հայկական կուսակցությունների ամենամյա քննարկումների անցկացման անհրաժեշտությունը՝ ստեղծելով կուսակցությունների ոլորտային կառույցների համատեղ քննարկումների անցկացման զուգահեռ հարթակներ:
 - Առաջարկում ենք Սփյուռքի մյուս երկու ավանդական կուսակցություններին հետագայում միանալ այս համաժողովի աշխատանքնքներին:
 
| «Ազատ hայրենիք» կուսակցություն | 
| «Ազատություն» կուսակցություն | 
| «Ազգային միաբանություն»կուսակցություն
 «Ազգային վերածնունդ» կուսակցություն  | 
| Արցախի ժողովրդավարական կուսակցություն | 
| Արցախի Հանրապետության Կոմունիստական կուսակցություն | 
| Արցախի Արմենական կուսակցություն | 
| Արցախի Հանրապետական կուսակցություն | 
| «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն | 
| «Լուսավոր Հայաստան» կուսակցություն | 
| Հայաստանի Հանրապետական կուսակցություն | 
| Հայ Յեղափոխական Դաշնակցություն | 
| Հայաստանի Կոմունիստական կուսակցություն | 
| Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միություն | 
| Հայոց Համազգային շարժում | 
| «Հանրապետություն» կուսակցություն | 
| Հզոր Հայրենիք կուսակցություն | 
| Միացյալ Ազատական Ազգային Կուսակցություն | 
| «Սահմանադրական Իրավունք» միություն | 
| «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն | 
ք. Ստեփանակերտ
2017 թվականի հունիսի 18
                










































