Թուրքիայի ընդդիմությունը 28 օրանոց բողոքի երթ է սկսել /ֆոտո/
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ) Անկարայից մինչև Ստամբուլ 28 օր տևողությամբ «արդարության երթ» է սկսել: ԺՀԿ-ական պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը բողոքարկելու նպատակով անցկացվող երթը գլխավորում է անձամբ կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Քըլըչդարօղլուն երթից առաջ հայտարարել է, որ դանակն արդեն հասել է ոսկորին:
«Հույս ունեմ, որ խիղճները կորցրածները կլսեն մեր ասածները: Հանուն արդարության երթ եմ սկսում: Երթով գնալու եմ մինչև ստամբուլ: Մեր երթը շարունակվելու այնքան, մինչև վերականգնվի արդարությունը: Եթե որևէ մեկը պետք է վճարի դրա համար, ապա թող ես լինեմ»,- հայտարարել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը:
Նշվում է, որ 28 օրվա ընթացքում ԺՀԿ ղեկավարը և նրա կուսակիցները Ստամբուլ հասնելու համար քայլելու են օրական 18 կիլոմետր:
Հիշեցնենք, որ 25 տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո երեկ՝ հունիսի 14-ին դատարանի դահլիճում կալանավորվել է ԺՀԿ պատգամավոր Էնիս Բերբերօղլուն:
Բերբերօղլուին մեղադրանք էր առաջադրվել «MİT-ի (Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության) բեռնատարների» գործով: Ընդդիմադիր պատգամավորը ձերբակալվել էր Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումներին զենք մատակարարող MİT-ի բեռնատարների նկարները «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին հանձնելու համար: (Վերջինս թերթում լույս տեսած հոդվածում հրապարակել էր այդ լուսանկարները):
Բերբերօղլուին մեղադրանք էր առաջադրվել «Պետական գաղտնի փաստաթղթերը զինվորական և քաղաքական լրտեսության նպատակով ձեռք բերելու և ահաբեկչական կազմակերպություններին (գյուլենականներին-FETÖ և Սիրիայի քրդերին -PYD) օգնելու համար»:
Առաջադրված մեղադրանքների հիման վրա դատարանը պատգամավորին նախ դատապարտել էր ցմահ բանտարկության, իսկ վերջնական պատիժը սահմանել 25 տարվա ազատազրկում: