Գլոբալ տաքացման պատճառած վնասը 1,2 տրիլիոն դոլար է կազմում
Համաշխարհային տնտեսության աճի դանդաղեցումը` կապված գլոբալ տաքացման հետ, գնահատվում է Համախառն ներքին արդյունքի 1.5 տոկոսի չափով կամ տարեկան 1,2 տրիլիոն դոլար: Այդ մասին նշվում է կլիմայի փոփոխություններին ավելի շատ ենթարկված երկրների միության` “DARA group” եւ “Climate Vulnerable Forum” ոչ կառավարական եվրոպական կազմակերպության ուսումնասիրության մեջ:
Միջին ջերմաստիճանի աճը եւ շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված ծախսերը կհանգեցնեն համաշխարհային ՀՆԱ-ի աճի կրճատմանը 3,2 տոկոսով մինչեւ 2030-ը: Այդ ժամանակ աշխարհի ամենաաղքատ երկրների համար այդ ցուցանիշը կկազմի ՀՆԱ-ի 11 տոկոսը:
Նախորդ տարվա ավարտին աշխարհի առաջատար տնտեսությունները որոշեցին չերկարացնել Կիոտոյի արձանագրության գործողությունները, որը սահմանափակում է վնասակար գազերի արտանետումը մթնոլորտ: Այդ որոշման գլխավոր պատճառներից մեկն անկայունությունն է համաշխարհային տնտեսության մեջ` նման դեպքերում պետությունները հանդես են գալիս արդյունաբերության զարգացման սահմանափակումների դեմ:
Կիոտոյի արձանագրությունը, որն ուժի մեջ է մտել 2005-ին, քանակապես սահմանափակում է ջերմոցային գազերի արտանետումները: Ըստ այդ համաձայնության` այն երկրները, որոնք կրճատում են վնասակար արտանետումները, կարող են վաճառել ազատված քվոտաները: