Ջավախքում վերաօծվեց Լոմատուրցխի «Սուրբ փրկիչ» եկեղեցին
2017 թվականի հունիսի 11-ին տոնական հմայք էր ստացել ընդամենը 350 բնակիչ ունեցող, Թրիալեթի հարավային փեշերին ծվարած Ախալքալաքի շրջանի Լոմատուրցխ գյուղը: Գյուղի բնակիչները՝ մեծից փոքր, գյուղից մեկնած զավակներն իրենց ընտանիքներով, ընկեր-բարեկամներով ժամանել էին մասնակցելու իր առաջին օծումից 111 տարի անց գյուղի վերակառուցված Սուրբ Փրկիչ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությանը:
Խորհրդային Միության տարիներին իր գործառույթները կորցրած հինավուրց եկեղեցին, որ վերածվել էր կոլտնտեսության պահեստի, հարսանյաց և հոգեհացի արարողությունների սրահի, շուտով մատնվեց անուշադրության:
Գյուղի արժանավոր զավակներ Սեդրակ և Արթուր Խաչատրյաններն իրենց մանկությունն անց էին կացրել եկեղեցու բակում և ականջալուր էին ծնողներ Վարդի և Նունուֆարի կողմից հաճախ հնչող ափսոսանքի խոսքերին փլուզվող եկեղեցու մասին: Եվ ահա 2016 թվականին եղբայրները որոշում են վերականգնել աղոթազուրկ և անխնամ մնացած եկեղեցին ու համագյուղացիներին ընձեռել Աստծով ապրելու, աղոթքով գործելու, Ամենազորի օրհնությամբ ամուսնությունը կնքելու, Սուրբ մյուռոնով մկրտվելու հնարավորություն….