Համանախագահները պատրաստվում են մեկնել Լեռնային Ղարաբաղ․ Զախարովա
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են այցելել տարածաշրջան։ Այցի ընթացքում նրանք պատրաստվում են հստակեցնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է vestikavkaza.ru-ն։
«Ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ հունիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինեն Հայաստանում, որտեղ նրանք հանդիպում կունենան երկրի նախագահի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ: Նրանք մտադիր են հստակեցնել հակամարտության գոտում իրավիճակը, նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտուալ հարցերի քննարկում, այդ թվում՝ հաշվի առնելով ապրիլի վերջին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը»,- ասել է Զախարովան։
Զախարովան հավելել է նաև, որ Երեւանից հետո նախատեսվում է համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ, իսկ մեկ շաբաթ անց՝ Բաքու: Տարածաշրջան այցի արդյունքներով հրապարակվելու է համապատասխան հայտարարություն: