Պետք չէ շահարկել /տեսանյութ/
«Ժողովրդի համար հայտնի «Հաց բերող» Արթուր Սարգսյանը արտառոց կերպար էր հայ իրականության մեջ և նա դարձավ մեր ազգի խիղճը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը:
Սարուխանյանը անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ Արթուր Սարգսյանի հարազատները առանց թաղման քաղաքացիական հանձնախմբի անդամների հողին հանձնեցին նրան և ընդգծեցին, որ ի սկազբանե սխալ էր «Հաց բերողին» դամբարանում հուղարկավորելը:
«Արթուր Սարգսյանը մեր բոլորինս է, բայց առաջին հերթին իր ծնողինն է և որոշում ընդունելու գերակա իրավունքը իր ծնողինն է:Նրա մայրը տղա կորցնելուց հետո կարող էր հայտնվել այնպիսի իրավիճակի մեջ, որ չգիտակցված որոշում կայացներ ու առանց գիտակցելու համաձայներ իրեն արված առաջարկների հետ:Նա մայր է և զավակ է կորցրել:Այս թոհուբոհի մեջ այդ կինը գուցե չգիտակցեր շատ բան: Մարդիկ գուցե բարի տրամադրվածությամբ նրան արել էին դամբարանի առաջարկը: Նա ավանդական կին է և գուցե վերջում հասկացել է, որ պետք է հողին հանձնի որդուն: Պետք չէ այդքան շահարկել այս թեման»,-նշեց Սարուխանյանը:
Արդեն հայտնել ենք, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանին հողին են հանձնել երեք շաբաթ առաջ :
Նշենք, որ Արթուր Սարգսյանին ցանկանում էին թաղել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, սակայն, թույլտվություն չստանալուց հետո որոշում կայացվեց նրան հողին հանձնել Շահումյանի գերեզմանատանը՝ բետոնապատ փոսում՝ հետագայում «Եռաբլուր» տեղափոխելու նպատակով, որին դեմ էին նրա հարազատները:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։
Մանրամասները՝ տեսանյութում: