Տրամադրված ենք զարգացնելու հայկական դեղերի արտադրությունը
Բրյուս Ուիլկինսոնը Հայաստան է ժամանել Ավրորա մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով։ Նա ղեկավարում է Նյու Յորքում հիմնված, արդեն 105 տարի գործունեություն ծավալող Կաթոլիկ բժշկական խորհուրդը (CMMB), որը վերջին 25 տարվա ընթացքում Հայաստան Արցախ հիմնադրամին է նվիրաբերել ավելի քան 100 մլն դոլարի դեղորայք և բժշկական պարագաներ։
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը նրա հետ ունեցած հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին շարունակաբար ցուցաբերած մարդասիրական օգնության համար։
Խոսելով Հայաստանից և Ավրորա մրցանակաբաշխությունից ստացած իր տպավորությունների մասին` Բրյուս Ուիլկինսոնը նշել է. «Առաջին անգամ լինելով Հայաստանում, տպավորված եմ Ավրորայի` աշխարհին ձեր պատմությանն ու մշակույթին ծանոթացնելու, ինչպես նաև մարդասիրության կոչ հղելու առաքելությամբ»։
Լևոն Ալթունյանը հայ ժողովրդի, երկրի բարձրագույն ղեկավարության և վարչապետի անունից շնորհակալություն է հայտնել Բրյուս Ուիլկինսոնին Հայաստանի բժշկական կարիքները հոգալուն ուղղված առատաձեռն և շարունակական աջակցության համար։
«Մենք ոչ միայն բարեփոխումներ ենք իրականացնում առողջապահության ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով, այլև տրամադրված ենք զարգացնելու հայկական դեղերի արտադրությունը»,-ասել է նախարարի պաշտոնակատարը` ակնկալելով Կաթոլիկ բժշկական խորհրդի և անձամբ պարոն Ուիլկինսոնի աջակցությունն այդ ուղղությամբ։
Բրյուս Ուիլկինսոնը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում տեղական դեղարտադրության առաջընթացին։
Լևոն Ալթունյանը Նյու Յորքի Կաթոլիկ բժշկական խորհրդի նախագահ Բրյուս Ուիլկինսոնին է հանձնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Շնորհակալագիրը առողջապահության բնագավառում իրականացրած զգալի նվիրատվության, Հայաստանի Հանրապետության բժշկական կարիքները հոգալուն ուղղված շարունակական աջակցության համար։
Բրյուս Ուիլկինսոնը պարգևատրվել է նաև ՀՀ առողջապահության նախարարության Հուշամեդալով։