Հրատապ. «Խոշոր ձկների» ձերբակալություններ
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ մի շարք կազմակերպությունների տնօրեններ եւ աշխատակիցներ, ֆիզիկական անձինք, առեւտրային կազմակերպություն հանդիսացող մաքսային միջնորդական /բրոքերական/ ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի աշխատակիցների միջնորդությամբ համաձայնության գալով ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց հետ, իրենց օգտին գործողություններ կատարելու՝ ՀՀ օրենքով սահմանված մաքսային արժեքից ավելի ցածր սակագնով մաքսազերծելու, ապրանքների արտահանման համար օրենքով սահմանված արժեքից ավելի ցածր սակագնով վճարում կատարելու համար, անձամբ եւ միջնորդների միջոցով տվել են, իսկ ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձինք ստացել են կաշառք:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ստացված տվյալների հիման վրա ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության եւ առեւտրային կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ եւ քննչական բազմածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 25.05.2017թ. ձերբակալվել են մաքսային միջնորդական /բրոքերական/ ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
Քրեական գործով կատարվում են անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է: