Վանաձորում սպանվել է քրեական հեղինակության որդին
Այսօր՝ մայիսի 25-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Գուգարքի բաժին, որ կանչով մեկնել է Գուգարք գյուղի 6-րդ փողոցի 42 տուն, որտեղ տան մուտքի աստիճաններին հայտնաբերել են տղամարդու դի, գրում է Shamshyan.com-ը:
Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է, սպանվածն էլ նույն հասցեի բնակիչ, 34-ամյա Տիգրան Էդոյի Մարտիրոսյանն է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սպանվածի վրա կան կրակոցի հետքեր: Մինչ դատաբժիշկն ու փորձագետները կաշխատեին դեպքի վայրում, Լոռու մարզի ոստիկանները տաք հետքերով պարզեցին, որ սպանությունը կատարել է նույն հասցեի բնակիչ, 32-ամյա Լիաննա Կիրակոսյանը, ով քիչ առաջ ոստիկանների և քննիչների ուղեկցությամբ տեղափոխվեց ոստիկանության Գուգարքի բաժին:
Արդեն բաժնում բացատրական աշխատանքների արդյունքում Լ. Կիրակոսյանը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը: Վերջինս քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ իր հետ զրույցում մի քանի հարևաններ, ովքեր չցանկացան ներկայանալ, ասում էին. «Մի օր սա տեղի էր ունենալու, ամուսինը հաճախակի էր ծեծի ենթարկում կնոջը, գրեթե ամեն օր տանից լսում էինք ամուսնու հայհոյախառն արտահայտությունները կնոջ հասցեին: Կինը քար պետք է լիներ, որ դիմանար տարիներ առաջ սպանված Ճաճոյի Էդոյի որդուն»:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն «Ճաճոյի» Էդոյի տղան էր:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում