Իրանն աշխարհի ամենավտանգավոր ահաբեկչական պետությունն է. Նետանյահու
“Իրանին հարկավոր է համարել աշխարհի ամենավտանգավոր ահաբեկչական պետությունը, այդ պատճառով էլ չպետք է նրան միջուկային զենք ստեղծելու հնարավորություն տրվի”,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն: Նա ենթադրում է, որ միջուկային զենք ունենալու դեքում Իրանը նույնքան վտանգավոր կլինի, որքան այդ զենքով հագեցած “Ալ-Կաիդան”` նշելով, որ ամենավտանգավոր ահաբեկչական պետության եւ ամենավտանգավոր ահաբեկչական խմբավորման միջեւ տարբերությունն այնքան էլ մեծ չէ:
Նետանյահուն եւս մեկ անգամ ընդգծել է, որ եթե Իրանը 90 տոկոսով ավարտի միջուկային զենք ստեղծելու աշխատանքները, ապա դա կլինի այն “կարմիր գիծը”, որն անցնելը կհանգեցնի միջազգային հանրության խիստ դիրքորոշմանն այդ երկրի նկատմամբ:
Նետանյահուն հայտնի է իր` Իրանի նկատմամբ կոշտ դիրքորոշումներով եւ վճռական գործողությունների անցնելու մտադրությամբ` ընդհուպ մինչեւ ռազմական ուժի կիրառում: Վերջին ամիսների ընթացքում նա պնդում է, որ Իրանի ռազմա-միջուկային ծրագրերի չեզոքացման համար հաշված ամիսներ են մնացել:
Ավելի վաղ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել էր, որ Իսրայելն է կանգնած այն ինֆորմացիայի տարածման ետեւում, ըստ որի իրանյան միջուկային ծրագրերն սպառնում են անվտանգությանը: “Սիոնիստները շատ խորամանկ են: Նրանք փորձում են փաստեր հորինել, եւ ես կարծում եմ, որ նրանք վստահ են իրենց հաղթանակի մեջ”,-նշել էր Ահմադինեժադը “CNN”-ին տված հարցազրույցում: