Այստեղ խնդիրը տարածքի անձեռնմխելի լինելը չէ. Մուկուչյանը՝ Փոստանջյանից
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը չի կարծում, որ «Երկիր Ծիրանիի» քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպը ստվեր նետել մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների վրա: «Եթե մենք նայում ենք ընդհանուր գործելաոճը, ապա տեսնում ենք, որ երեկ չէր, որ այդ ինքնաբուխ զարգացումներն սկսվեցին: դա սկսվել էր մեկ օր առաջ, երբ գիշերը հաղորդագրություն տարածվեց, որ սեյֆ է տեղափոխվում, որտեղ ընտրական փաստաթղթեր կան»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա: Տիգրան Մուկուչյանն ընդգծեց, որ այս հայտարարությունից հետո իրավապահ մարմինների ներկայությամբ ուսումնասիրություն է կատարվել տեղում ու պարզ դարձել, որ այդ չհրկիզվող պահարանը կապ չուներ ընտրական փաստաթղթերով լի պահարանի հետ:
«Ըստ էության, ներկայացվել էր ինչ-որ տեղեկություն ինչ-ինչ լսածի, ենթադրածի վերաբերյալ, դրանից հետո հերքվեց այն ամենը, բայց թեկուզ մի բառ չլսեցինք նրա կողմից: Շարունակությունը եղավ երեկվա միջադեպը: Պետք է նկատի ունենալ, որ ընտրական շտաբերը բացվում են, որ կուսակցությունները կարողանան դրանց միջոցով իրականացնել իրանց պասիվ ընտրական իրավունքը: Այստեղ խնդիրը ոչ թե տարածքի անձեռնմխելի լինելն է, այլ բացառապես ասեկոսեներից, այլ անհասկանալի աղբյուրներից ստացված տեղեկությունների հիմքով մուտք գոչծել որևէ կուսակցության ընտրական շտաբ ու պարալիզացնել վերջիններս աշխատանքն, անընդունելի է»,-հավելեց նա:
Վերջինիս խոսքով՝ ընտրական գործընթացը պետք չէ դիտել որպես մինապատված դաշտ, որտեղ մեկ քայլ աջ կամ մեկ քայլ ձախ տեղի է ունենում անդառնալի կորուստ: «Կարող են լինել նաև միջադեպեր, օրենքի տարրական պահանջն է, որ դրանք քննության արժանանան, գնահատականներ տրվեն, բայց երբ խոսում ենք ընտրությունների ստվերման մասին, դա պետք է կապել ընտրությունների արդյունքի հետ: Հիմա ամբողջական կարծիքի համար պետք է հիմնվել ընդհանուրի համակցության վրա: Դա մի միջադեպ էր, որ տեղի ունեցավ տեղամասային կենտրոններից դուրս: Նման միջադեպեր գուցե օրվա ընթացքում այլ քաղաքացիների միջև էլ տեղի է ունեցել դրսում, բայց ընդհանուր առմամբ ընտրական գործընթացը, որ տեղի էր ունենում տեղամասային կենտրոններում, յուրաքանչյուրը կիարող է այդ ամեն ին հետևել ու դատողություններ անել: Մեր դատողությունն այն է, հետևելով այդ ամենին ենք ասում, որ ընտրական գործընթացն ընթացավ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան»:
Ինչ վերաբերում է մասնակցության ցածր լինելուն, ապա ԿԸՀ նախագահը հորդորեց չմոռանալ, որ ընտրություններին մասնակցում էր ընդամենը 3 քաղաքական ուժ:
Տեսանյութը՝ քիչ անց: