Մեղադրանք է առաջադրվել երեք զինծառայողի
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Խաչատուր Խաչատրյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 զինծառայողի:
ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի տեղեկատվությամբ, ժամկետային զինծառայող Տիգրան Մելիքի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Վերջինս կալանավորվել է:
Նույն գործով մեղադրանք է առաջադրվել եւս երկու հոգի. դիրքի ավագ, ավագ սերժանտ Արթուր Զոհրաբյանին ` ՀՀ Քր.օր.-ի 375-ի 1-ին մասի հատկանիշներով՝ հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը:
ՀՀ քրօրենսգրքի 365 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով/մարտական հերթապահության կանոնները խախտելը մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով եւ առաջացրել է էական վնաս/ մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագի օգնական սերժանտ Արթուր Մարտիրոսյանին:
Մեղադրանք առաջադրվածների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է զորամասի հսկողության հանձնելը: