«Առանց պարի ես շնչել չեմ կարող»
24-ամյա Լիլիթը պարուհի է։ Այս տարիների ընթացքում նա հասցրել է պարարվեստի ոլորտում որոշ հաջողությունների հասնել և ամուր քայլերով շարժվում է առաջ։ Լիլիթը բարձրագույն կրթություն ստացել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, բայց, ինչպես ինքն է ասում, ժամանակի ընթացքում համոզվել է՝ առանց պարի ապրել չի կարող, և ի վերջո պարը հաղթել է ժուռնալիստիկային։
Լիլիթն իր անցած ճանապարհի մասին պատմել է Henaran.am-ին։
-Լիլի՛թ, քանի՞ տարեկան էիք, երբ սկսեցիք պարի հաճախել: Երբ փոքր էիրք, երազում էիք պարուհի՞ դառնալ:
– Ես սկսեցի հաճախել պարի 6 տարեկան հասակում: Այո, միշտ երազել եմ այդ մասին: Սակայն որոշեցի նախ ստանալ բարձրագույն կրթություն, քանի որ արդեն հաճախում էի պարի դպրոց: Երբ համալսարանն ավարտեցի, վերադարձա բուն նպատակիս: Այժմ սովորում եմ Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: Չմոռանալ նշել՝ ավարտել եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Առաջին մասնագիտությամբ լրագրող եմ, երկրորդ մասնագիտությամբ՝ մանկավարժ-պարուսույց:
– Ո՞ր համույթներում եք հանդես եկել: Այժմ ո՞ր համույթում եք պարում:
-6 տարեկանում ընդունվել և 8 տարի պարել եմ «Տարոն» գեղագիտական կենտրոնում: 2013 թվականին ընդունվել եմ «Նուռ» գեղագիտական կենտրոն և մինչ օրս պարում եմ համանուն համույթում։
-Ամենայն հավանականությամբ, այս տարիների ընթացքում հասցրել եք որոշակի հաջողություններ ունենալ պարարվեստի ոլորտում: Պատմե՛ք Ձեր նվաճումների մասին:
-Այո՛, միանշանակ: Առաջին հաջողությունը պարի ասպարեզում համարում եմ շրջագայությունները: «Նուռ» համույթի կազմում եղել եմ Վրաստանում, որտեղ կազմակերպված մրցույթ-փառատոնին մենք գրավեցինք 1-ին հորիզոնականը: 2016 թվականին մեր համույթով մեկնեցինք Իսպանիա, որտեղ մասնակցեցինք ոչ մրցութային համերգի: Առաջին ելույթից հետո մենք անմիջապես հրավեր ստացանք Հունաստանի ներկայացուցչի կողմից՝ մասնակցելու 2017-ին կայանալիք մրցույթ-փառատոնին: Պետք է նշեմ նաև, անշուշտ, մեր երկրի տարբեր մարզերում նույնպես հանդես ենք եկել ՝ մասնակցելով տարբեր միջոցառումների։
-Ո՞ր ոճի պարերն են Ձեզ համար հոգեհարազատ։
-Հիմնականում նախընտրում եմ հայկական ժողովրդական, ազգագրական պարերը: Կարող եմ ասել՝ բոլորն էլ հոգեհարազատ են ինձ համար, բայց ամենից շատ սիրում եմ հայկական նազ-պարերը։
-Ի՞նչ է պարը Ձեզ համար։
-Պարն ինձ համար առանձին աշխարհ է, որում ես ապրում եմ և առանց որի ես չեմ կարողանա շնչել։
Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը