23 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դժվար է գտնել մեկ այլ բարեգործական ընկերություն, որը կկարողանա համեմատվել ՀՕՄ-ի հետ. Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայ օգնության միության (ՀՕՄ) “Ծնողազուրկ երեխաների խնամակալություն” ծրագրի 20-ամյակին նվիրված միջոցառմանը:
Կառավարության եւ անձամբ իր անունից շնորհավորելով ծրագրի 20-ամյա գործունեության կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է. “Մեր օրերում դժվար է գտնել մեկ այլ բարեգործական ընկերություն, միություն, որը կկարողանա համեմատվել Հայ օգնության միության հետ: ՀՕՄ-ի գործունեությունը հատվածական չի եղել, այն եղել է նվիրական հայ ժողովրդի կարեւոր կառույցներից մեկը: ՀՕՄ-ն իր ամբողջ գործունեության ընթացքում եղել է այնտեղ, որտեղ հայն ունեցել է օգնության կարիք ու հենց դրանով էլ այս միությունը վայելում է մեր ժողովրդի հարգանքն ու սերը”:

Վարչապետի խոսքով՝ ՀՕՄ-ը երբեւէ չի զբաղվել ինքնագովազդով, ժամեր շարունակ չի ձանձրացրել մեզ անիմաստ հեռուստատեսային հաղորդումներով, որոնց նպատակն է ինքնագովազդը:
Կառավարության անունից հնչեցնելով այս բարձր գնահատականները՝ գործադիրի ղեկավարը կարեւորել է ՀՕՄ-ի գործունեությունը, որովհետեւ այն ունի ազգապահպան բովանդակություն, եւ մեր ժողովրդի կենսագրությունը լցնում է մեծ էությամբ ու հայի տիպարին բնորոշ հատկանիշներ բացահայտում: “Մենք պարտավոր ենք հոգածությամբ լցվել մեր հայրենակիցների նկատմամբ, կիսել նրանց ցավը: Ես կարեւորում եմ այս 20-ամյա գործունեությունը, որը նվիրված է հենց ծնողազուրկ երեխաներին օժանդակելու սուրբ առաքելությանը: Մի քանի հազար երեխաներ յուրաքանչյուր օր զգում են ՀՕՄ-ի հոգածությունը եւ համոզված եմ, որ նրանք լավ մարդիկ են դառնալու ու իրենք էլ իրենց հետագա կյանքում փորձելու են օգնության հասնել նրանց, ովքեր ունեն օգնության կարիք”,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը կարեւորել է նաեւ այն հանգամանքը, որ միջոցառմանը ներկա են եղել սիրիահայ երեխաներ, ովքեր այսօր առավել քան հայ ժողովրդի որեւէ այլ հատված, ունեն օժանադակության, սիրո եւ հատուկ վերաբերմունքի կարիք: Վարչապետն ընդգծել է, որ սիրիահայության խնդիրները գտնվում են հանրապետության Նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում: “Մենք պարտավոր ենք ջանքեր գործադրել, որպեսզի թեթեւացնենք այն դժվարությունները, որոնք այսօր ունեն մեր հայրենակիցները: Ուրախ եմ, որ այս հարցում էլ համագործակցում ենք ՀՕՄ-ի հետ: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել իրականացնելու համատեղ ծրագրեր, որպեսզի սիրիահայերն զգան, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլեւ ողջ հայ ժողովուրդն է այսօր կիսում իրենց խնդիրները: Մենք պարտավոր ենք ազգովի համախմբվել, որպեսզի կարողանանք թեթեւացնել այն ողջ ծանությունը, որն այսօր իրենց ուսերին կրում են մեր հայրենակիցները”,- նշել է կառավարության ղեկավարը:
ՀՕՄ-ի”Ծնողազուրկ երեխաների խնամակալություն” ծրագիրը մեկնարկել է 1992 թվականին: 20 տարի շարունակ 7428 երեխա՝ 1261 երկկողմանի ծնողազուրկ եւ 6152 զոհված ազատամարտիկների երեխաներ, աջակցություն են ստացել 4900 անհատ հովանավորներից: 20 տարիների ընթացքում ՀՕՄ-ի աշխարհասփյուռ միավորների ջանքերով այս ծրագրի շրջանակում Հայաստան է փոխանցվել ավելի քան 5 մլն դոլար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ