Դիրաբեքիրի պայթյունն ահաբեկչություն էր․ Թուրքիայի ՆԳ նախարար
Երեկ` ապրիլի 11-ին, Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Բաղլար շրջանի ոստիկանական բաժանմունքի արհեստանոցում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչական գործողություն է եղել:
Թուրքական «Haberler.com» լրատվական կայքի հաղորդմամբ` նման հայտարարություն է արել երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Սոյլուն նշել է, որ դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել արհեստանոցի պարսպի դրսի մասից դեպի ներս փորված թունել, որի միջոցով էլ պայթուցիկ նյութը նախօրոք անցկացվել է արհեստանոց:
Սոյլուն նաև վերջնական տվյալներ է հաղորդել զոհերի և վիրավորների մասին: Ըստ այդմ` պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 աշխատակից, վիրավորվել` 12-ը:
Պայթյունի հնարավոր կազմակերպիչների մասին, սակայն, նախարարը որևէ տեղեկություն չի հայտնել: