ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը Բաքվում հայտարարել է, որ եկել է ղարաբաղյան հակամարտությունը լուծելու ժամանակը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ջեյմ Ուորլիքը, ով գտնվում է Բաքվում, մտադիր է ակտիվորեն աշխատել ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ:
“Հակամարտությունը ձգվում է արդեն 21 տարի, եւ այսօր եկել է տանջանքներին եւ ատելությանը վերջ դնելու ժամանակը: Եկել է ժամանակը, որպեսզի հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը համատեղ աշխատեն Հելսինկյան սկզբունքների հիման վրա երկարաժամկետ խաղաղության հասնելու համար”,- հայտարարել է Ուորլիքը լրագրողների հետ հանդիպմանը:
Դիվանագետը նշել է, որ տարածաշրջանին կայունություն բերող Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ կլինեն երկու երկրների փոխզիջումները եւ քաղաքական կամքը:
Նրա խոսքով՝ եկել է ժամանակը, որ Մինսկի խումբը, դրա համանախագահները, Ադրբեջանը, Հայաստանն ու տարածաշրջանի այլ երկրներ միասին աշխատեն եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն հակամարտության կարգավորման համար։
“Ես այստեղ եմ, որ լսեմ բոլոր կողմերին եւ լավ հասկանամ իրավիճակը։ Ես այստեղ չեմ անցյալի պատճառով, եկել եմ ապագային նայելու եւ հակամարտությունը լուծելու համար”,-ասել է նա։
Ուորլիքը նշել է, որ անհամբերությամբ է սպասում իր ֆրանսիացի եւ ռուս գործընկերների հետ աշխատանքներն սկսելուն։
Ըստ տարածված տեղեկության՝ Բաքու կատարած այցից հետո Ուորլիքը լինելու է նաև Հայաստանում և Ադրբեջանում։