Ակտիվիստները փորձում էին մտնել քաղաքապետարան՝ բերման ենթարկվեցին/վիդեո/ֆոտո/
Արդեն 47 օր Երեւանի քաղաքապետարանի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներն այսօր պատրաստվում են մասնակցել Երեւանի ավագանու նիստին:
Այդ մասին նրանք հայտարարել են քիչ առաջ , տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը: Ակտիվիստներին հանդիպել է Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արթուր Կարապետյանը, ով նշել է, որ քաղաքապետարանի նիստին մասնակցելու համար անձը պիտի ունենա ավագանու խմբակցություններից որեւիցե մեկի հրավերը:
Ակտիվիստները մատնանշել են Երևանի Ավագանու նիստին մասնակցելու մասին օրենքի 4-րդ կետը, որտեղ նշվում է, որ Ավագանու նիստը հրապարակային է: Սակայն Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը հղում է կատարել օրենքի 7-րդ կետին, որ սահմանափակող հանգամանքներ կան, մասնավորապես քաղաքապետարանը չունի համապատասխան դահլիճ, այդքան մարդու չեն կարող տեղավորել:
Ավագանու նիստը սկսելուց անմիջապես հետո ակտիվիստները փորձել են մտնել քաղաքապետարան, սակայն հանդիպել են ոստիկանական պատին: Ուժով քաղաքապետարան մտնելու նրանց ցանկությունը խոչընդոտվել է ոստիկանների կողմից: Այս պահի դրությամբ քաղաքացիական 10 ակտիվիստներ բերման են ենթարկվել: