Թրամփը կրկնելու է Բուշ–կրտսերի սխալները Մերձավոր Արևելքում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի օբյեկտների ուղղությամբ հարձակումն ինքնիշխան պետության դեմ հարձակում է համարում: Այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմի հայտարարել է, որ Իրանը խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից սիրիական «Շայրաթ» ավիաբազայի հրթիռակոծումը։
Իրան–ՌԴ տանդեմ
ԱՄՆ–ի գործողությունները Սիրիայում ավելի են ամրապնդելու ՌԴ–Իրան դաշինքը Սիրիայում։ ՌԴ–ը և Իրանը Ասադի տապալումը թույլ չտալու համար ավելացնելու են ռազմական ներկայությունը Հմեյմիմում ու Լաթաքիայում` Մոսկվայի պարագայում, իսկ Իրանի պարագայում` շիական, իրանամետ տարբեր խմբավորումներ Իրանից կուղղորդվեն Սիրիա։ Հզբոլահը այս տարիներին բավականին մեծ կորուստներ է ունեցել և պետք է նոր համալրումներր ստանա Լիբանանից։ Ասադն այս պարագայում ստիպված կլինի հայտարարել ռազմական դրություն, համընդհանուր զոահավաք` զենք տրամադրելով 18-45 տարեկան տղամարդկանց։ Սակայն բանակը համալրելն այնքան էլ հեշտ չի լինի` շատերը խուսափում են կռվել Ասադի համար` բանակի կորիզը կազմում են ալևիները, սակայն այս հինգ տարիների ընթացքում ալևիները մեծ կորուստներ ունեցան` գրեթե յուրաքանչյուր ընտանիք այս պատերազմում ընտանիքի անդամ է կորցրել։
ԱՄՆ–ի «բազեները» տարածաշրջանում
ԱՄՆ–ի տարածաշրջանային դաշնակիցները` Թուրքիան, Իսրայելը, Սաուդյան Արաբիան իրենց աջակցություն են հայտնել Թրամփի գործողություններին Սիրիայում։
Իսրայելն ի դեմս Թրամփի ունի իսրայելամետ նախագահ` հրեական լոբբի ազդեցությունը նոր նախագահի վրա մեծ է, բացի այդ, Թրամփն ու Պենտագոնը որդեգրել են հակաիրանական քաղաքականություն տարածաշրջանում։ Իրանին թուլացնելու ջանքերը միավորել են Իսրայելին ու ԱՄՆ–ն։ Թուրքիան տարիներ շարունակ զինում է Ասադի հակառակորդներին` այժմ էլ նրանք ցանկանում են մնալ Սիրիայի հյուսիսում ստեղծված բուֆերային գոտում` թույլ չտալով Քրդստանի ձևավորում, ինչպես նաև տեղի թուրքմեններին պաշտպանելու պատրվակով ռազմաբազաներ կստեղծեն Սիրիայի հյուսիսում։
Սիրիայի հարևանները փորձում են «կազմաքանդված» Սիրիայում ունենալ ազդեցության գոտիներ ու սեփական «փոքրիկ Սիրիաներ»։ Ինչ վերաբերվում է Սաուդյան Արաբիան, ապա Էռ–Ռիյադը համարվում է Իրանի հիմնական հակառակորդներից մեկը` Իրանին դուրս մղելը Սիրիայից, Լիբանանից գերխնդիր է սաուդացիների համար` ԱՄՆ–ի հարվածների Ասադի ուժերին ու նրա հնարավոր տապալումը կխզի «շիական առանքցը»` Իրան–Իրաք–Սիրիալ–Լիբանան(Հզբոլահ):
ԱՄՆ–ի նպատակը
Թրամփն ու նրա «բազեները»` Պենտագոն, հետախուզություն, Կոնգրեսի մի հատվածը և այլն, ցանկանում են Սիրիայից դուրս մղել թե Իրանին` հակաիրանականությունը Թրամփի վարչակազմի ուղենիշներից մեկն է, ինչպես նաև ՌԴ–ին` «սառը պատերազմը» Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև շարունակվում է նաև այս պահին Սիրիայում։
Եթե Մոսկվան ու Թեհրանն ավելի մեծ ուժեր և ռեսուսրներ նետեն Ասադին օգնելու` ԱՄՆ–ը կզինի իսլամիստներին` Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի միջոցով ու երկարաժամկետ հեռանկարով կներքաշի Իրանին ու ՌԴ–ին սիրիական թնջուկի մեջ` բոլոր հետևանքներով(աֆղանական սցենար):
Իսկ եթե ՌԴ–ը և Իրանը չցանկանան փրկել Ասադին` ապա Դամասկոսում կլինի թուրքամետ, սաուդամետ, ամերիկամետ իշխանություն, որն էլ կպահանջի ՌԴ–ին դուրս բերել զորքերը Սիրիայից, իսկ Իրանի նկատմամբ կորդեգրի այնպիսի քաղաքականություն, որն այժմ որդեգրել են Ծոցի արաբական երկրները։
ԱՄՆ–ը գործում է մի քանի սցենարներով` բոլորն էլ նպատակ ունեն հարվածել ՌԴ–ին ու Իրանին, իսկ սիրիական ժողովրդի մասին Վաշինգտոնում չեն մտածում` ոչնչացնելով Ասադի ուժերը նրանք ուժեղացնում են իսլամիստներին,որոնք էթնիկ զտումներ են իրականացնելու տեղի քրիստոնյաների, ալևիների նկատմամբ, ինչն էլ մի քանի միլիոն նոր փախստականների հոսք կապահովի դեպի ԵՄ` նրանց հետ Եվրոպա կներթափանցեն նաև հազարավոր ահաբեկիչներ։ ԱՄՆ–ը ոչնչացնելով Սիրիան, որպես պետականություն, բացելու է «պանդորայի արկղը»` Մերձավոր Արևելքում նոր միջկրոնական և այլ proxy war հրահրելով։
Արտյոմ Բալասանովի գրառումը