Չխոչընդոտել դատախազի աշխատանքը. Փակ շուկայից Ադրբեջանում էլ են խոսում /վիդեո/
Նախախորհրդարանը սեպտեմբերի 6-ին նախաձեռնեց հերթական բողոքի ակցիան Փակ շուկայի կառուցապատման դեմ: Երթը մեկնարկեց Մշակույթի նախարարության մոտից, շարժվեցին գլխավոր դատախազություն:
Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, կազմակերպիչները կոչ արեցին միանալ իրենց, քանի որ “այդ պատմական հուշարձանը վերացնելով` հաջորդը կվերացնեն Գառնիի տաճարը, որտեղ ևս չի բացառվում սուպերմարկետ կառուցելը”:
Գլխավոր դատախազության շենքի մոտ ոստիկանները ցուցարարներին առաջարկեցին անցնել դիմացի մայթը, որպեսզի չխոչընդոտեն դատախազության աշխատակիցների ելքն ու մուտքը, սակայն ոստիկաններին բողոքավորները հավաստիացրին, որ չեն խանգարի ոչ մեկի ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանը հայտարարեց, որ մշակույթի նախարարությունը երեք անգամ պաշտոնապես դիմել է դատախազություն և տեղեկացրել, որ պատմական հուշարձան է ոչնչացվում: Արդյունքում դատախազությունը ոչինչ չի արել՝ միայն պատասխանել է, որ ամեն ինչ օրենքի սահմանում է:
”Եթե մշակույթի նախարարությունը տալիս է իր մասնագիտական եզրակացությունը, այդ դեպքում ինչպես են ոստիկանները կամ այլ իրավապահ մարմինները հայտարարում, որ հանցագործություն չի կատարվում”,-ասաց նա` հավելելով, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն օրերս հայտարարել է, թե “Ծածկած շուկան” պատմական հուշարձան չէ, այլ մի բազար, որտեղ առևտուր էին անում ադրբեջանցիները:
”Սա Ադրբեջանում քննարկման թեմա է դարձել և նրանք հայտարարում են, որ հայերը բարբարոս են և զավթել են ադրբեջանական հուշարձանները”,-ասաց Նախախորհրդարանի անդամը:
Երևանի փոխոստիականապետ Վալերի Օսիպյանն առաջարկեց հեռանալ դատախազության մոտից, ասաց` բարձր են խոսում` խանգարում են դատախազի աշխատանքը:
”Այո, մենք բարձր ենք ասում, որպեսզի այս շենքում նստածները լսեն, թե ինչ է կատարվում”,-ասաց Գարեգին Չուգասզյանը` հայտարարելով, որ հեռանում են: Ցուցարարները շարժվեցին Երեւանի քաղաքապետարան: