Ռադիկալ փոփոխվել է քվեարկության կարգը. ԿԸՀ քարտուղար
«Ռադիկալ փոփոխվել է քվեարկության կարգը, և ԿԸՀ-ը բազմաթիվ տեսահովոլակներ է թողարկել ընտրողներին կարգը բացատրելու համար, անիմացիոն տեսանյութում մանրամասն բացատրվում է, թե ինչպես պետք է քվեարկողը մասնակցի»,-այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողներին ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը՝ ներկայացնելով քվեարկության կարգը: Նա նշեց, որ ԿԸՀ-ն աննախադեպ քանակի տպագրանյութեր է պատրաստել դիտորդների, վստահված անձանց համար, որպեսզի քվեարկության նոր կարգը հասկանալի լինի:
«Համոզված եմ, որ եթե ընտրողը ցանկություն ունենար քվեարկության կարգն իմանալու, կարող էր դա անել»,-նշեց նա: Վերջինս ներկայացրեց նաև այլ մանրամասներ. «Նախ ընտրողը պետք է գնա անձը հաստատող փաստաթղթով, այս անգամ հնարավորություն կա քվեարկել նույնականացման քարտով, կենսաչափական անձնագրով ու հին նմուշի անձնագրով: Եթե ընտրողն անգամ չունի վավերականության ժամկետում անձը հաստատող փասատթուղթ, կարող է մասնակցել քվեարկության: Ընտրողը պարտավոր է հանձնել մատնահետքը, եթե աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը չի կարող հանձնել, ապա ձախինը, եթե դա էլ հնարավոր չէ, ապա միջնամատը, իսկ եթե ընտրողը ֆիզիկապես հնարավորություն չունի մատնահետք տալու, ապա կարող է այս քայլը բաց թողնվել:
Ընտրողը պարտավոր է ստանալ բոլոր ինը քվեաթերթիկները, չի կարող մի մասից հրաժարվել, և մեկ ծրար է ստանալու, այդպես նա մտնում է քվեարկության, միայն մեկն է ընտրում և մնացած 8 քվեարկության թերթիկները գցում է այն արկղիկի մեջ, որը առկա է հենց այդ նպատակով, մնացած թերթիկներն իրավունք չունի դուրս հանել տեղամասից, քվեաթերթիկը ծրարի մեջ դրվում է առանց ծալելու»,-հայտնեց ԿԸՀ քարտուղարը: