Բոլոր երկրները իրավունք ունեն ընտրել տնտեսական ինտեգրման և զարգացման սեփական ճանապարհը. ԱՄՆ արձագանքը
Բոլոր երկրները իրավունք ունեն ընտրել տնտեսական ինտեգրման և զարգացման սեփական ճանապարհը՝ համաձայն իրենց ազգային շահերի: “Ազատություն” ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակից Ռիչարդ Սոլաշին այդ մասին ասել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնյան, որը չի ցանկացել հրապարակել իր անունը:
Մեկնաբանելով Մաքսային միությանը անդամակցելու և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի որոշման մասին նախագահ Սերժ Սարգսյանի՝ Նովո Օգարյովոյում արած հայտարարությունը՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյան նաև ընդգծել է․ – “Ոչ մի երկիր իրավունք չունի որոշել այլ երկրի քաղաքական և տնտեսական կողմնորոշումը, ոչ էլ որոշել, թե ինչ դաշինքների և առևտրական համաձայնագրերի այն կարող է միանալ”:
“Մեզ քաջալերում էր Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, քանի որ այն կնպաստեր Հայաստանի արդիականացմանը և բարեփոխմանը”, – շարունակել է ամերիկացի դիվանագետը:
Ընդգծելով, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, որն ինքը պետք է որոշի իր ուղեգիծը, Պետդեպարտամենտի պաշտոնյան ավելացրել է․ – “Այս որոշումները կենսական կարևորություն ունեն, և դրանք հայաստանցիների ու Հայաստանի որոշելիք հարցն են”:
“Մենք խրախուսում ենք Հայաստանին հավատարիմ մնալ քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում իր մի շարք հանձնառություններին և ամենակարևորը՝ իր նվիրվածությանը հետագա ժողովրդավարացմանը, քաղաքական և տնտեսական բարեփոխումներին և եվրոպական ինտեգրացիային”, – ամփոփել է ամերիկացի դիվանագետը:
Աղբյուր` “Ազատություն” ռադիոկայան