Խաղաղության համար Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը (տեսանյութ)
«Մենք ցանկանում ենք խաղաղություն, բայց խաղաղության համար Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման ամբողջական իրավունքը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ Սանկտ-Պետերբուրգում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայկական կողմը նշել է, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Մենք ցանկանում ենք խաղաղություն, մենք բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցներ ենք, բայց խաղաղության համար մեկ քայլ կատարելու կա մեկ պայման՝ Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման ամբողջական իրավունքը»,-նշեց նա։ ԱԺ փոխնախագահի խոսով՝ հայկական կողմը վեհաժողովի նիստում բարձրացրել է ևս մեկ հարց, որ ՀԱՊԿ անդամ պետությունների պատգամավորները խորհրդարանական տարբեր վեհաժողովներում ունենում են դրսևորումներ, որոնք չեն բխում ՀԱՊԿ-ի պաշտոնական շահերից։ «Իմ ելույթը ըմբռնում գտավ, և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն ասաց, որ պետք է ձեռնարկել քայլեր , որպեսզի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների կարծիքները չհակասեն ՀԱՊԿ անդամ երկների շահերին»,-նշեց Էդուարդ Շարմազանովը։