Քաղաքական ուժերն Արցախի հարցին հպանցիկ են անդրադառնում․ քաղաքագետ
Արցախյան հարցին քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում այնքան էլ չեն անդրադառնում։ «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ միայն Կոնգրես-ՀԺԿ դաշինքն է, որ իր քարոզարշավում խոսում է Արցախից, այն էլ պարզապես բառերով քողարկված քարոզ է:
«Մնացածները Արցախի հարցին անդրադառնում են շատ հպանցիկ, ընդհանուր բառերի դիրքորոշմամբ: Մենք որպես ընտրող չենք տեսնում Արցախի հարցին արժանի անդրադարձ»,- ասաց նա։
Ասուլիսի մյուս բանախոս, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն էլ նշեց, որ նախընտրական քարոզարշավում այդպես էլ գաղափարի շուրջ պայքար չտեսավ:
«Լևոն Տեր-Պետրոսյանի և իր թիմի համար Արցախի հարցում քարոզը այնպիսին է, որ ցույց տան, թե իրենք ճիշտ են եղել դեռ 90-ական թվականներին: Հարցին մանրամասն անդրադարձել են «Ազատ դեմոկրատները» ու ՀՅԴ-ն։ Սակայն դրանք նույնպես ավելի ցանկությունների դաշտում են, հստակ ռազմավարություն ու քաղաքական տակտիկա չի ներկայացվում»,- ասաց նա՝ նշելով, որ մյուս ուժերի մոտ Արցախի հարցին անդրադարձ մի նախադասությամբ է եղել։
Բանախոսի խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ ծրագիրը գրելիս ասել են՝ «վայ, բա Արցախի մասին բան չեք գրել»:
«Օսկանյանն էլ, ով ժամանակին պարծենում էր Մադրիդյան սկզբունքների՝ որպես իր կողմից ստեղծված փաստաթուղթ, այսօր ասում է, որ չի կարելի հող տալ, որևէ բան չի կարելի զիջել: Ուժերն ամեն ինչ անում են, որ ժողովրդի ձայնը կորզեն։ Սա անսկզբունքայնություն է: Մենք քաղաքական բանավեճ չենք տեսնում այդ հարցի շուրջ»,-ասաց նա: