Երբ Ծառուկյանն ասի, որ պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը (տեսանյութ)
«Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ իշխող կուսակցության հետ կոալիցիա չեն կազմի: «Մենք հայտարարում ենք, որ միայն ՀՀԿ-ի հետ չենք համագործակցի, իրականում մեր ասածի մեջ նոր բան չկա»,-ասաց նա: Մյուս ուժերի հետ համագործակցության մասին նա շեշտեց, որ եռյակի ժամանակ էլ են նույն հայտարարությունն արել, որ եթե եռյակը հայտարարի, որ գնում է իշխանափոխության, պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը այդ հարցը պատրաստ են քննարկել:
«Մենք ասեցինք, որ եթե մի գործընթաց լինի, որտեղ հնարավոր է ռեալ իշխանափոխություն, բացառվում է, որ «Ելք» դաշինքը չմասնակցի: Այ երբ որ մենք կտեսնենք, որ ռեալ հնարավորություն կա, մենք պատրաստ ենք դա քննարկել: Սա վերաբերում է բոլորին: Եթե վաղը պարոն Ծառուկյանը, տիկին Զոհրաբյանը և մնացած կարկառուն դեմքերն այս դաշինքի հայտարարեն, որ իշխանափոխություն են անում, Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջում, գնան, ռեալ քայլեր անեն, մենք պատրաստ ենք քննարկման»,-հավելեց նա:
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ թերահավատություն կա, որ նման օր կգա մեր երկրում:
Բանախոսը նաև հայտնեց, որ իրենց հարցումները ցույց են տալիս, որ «Ծառուկյան» դաշինքը, ՀՀԿ-ն ու «Ելքն» են անցնելու խորհրդարան, իսկ մյուս բոլոր ուժերն. ըստ այդ հարցումների, չեն հատում շեմը: Կա նաև 17-18 տոկոս չկողմնորոշված ու հարցերին չպատասխանած զանգված, ովքեր իրենց ասելիքն ունեն: