Վերջին օրերին ստոր ու դավադիր հարվածեցին. Արթուր Բաղդասարյանը հայտարարում է
«Հարգելի հայրենակիցներ, դուք եք ձեր քվեի տերը: Մենք պետք է գիտակցենք, որ մենք չենք ընտրում «թաղի տղաների», մենք չենք ընտրում ժողովրդի խնդիրներին անհաղորդ մարդկանց, ովքեր 25 տարի Ազգային ժողովում են ու այդ ընթացքում 20 բառ չեն արտասանել: Մենք ընտրում ենք երկրի իշխանություններին առաջիկա 5 տարիների համար և պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենանք մեր երկրի համար կարևորագույն այս հարցին»,- ասաց Հայկական Վերածնունդ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը գյումրեցիների հետ հանդիպմանը:
Այնուհետ ՀՎԿ թեկնածուները ներկայացրեցին կուսակցության նախընտրական ծրագրերը` խոստանալով ընտրություններում հաջողության հասնելու դեպքում շատ արագ կյանքի կոչել կուսակցության նախընտրական ծրագիրը, որով բարեփոխումներ են նախատեսվում բոլոր ոլորտներում. կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում, աշխատատեղերի ստեղծումը, փոքր ու միջին բիզնեսի զարգացում:
ՀՎԿ թեկնածու Հովհաննես Մարգարյանն էլ ասաց. «Բոլորը հարցնում են` ուր է մեր Հովոն: Ես հայտարարում եմ, այսօրվանից սկսում եմ քարոզարշավը, առաջիկա 10 օրերը լինելու են վճռական», այնուհետ հիշեց ՏԻՄ ընտրությունները Գյումրիում, երբ իր մրցակիցները քարոզարշավի վերջին վայրկյաններին փորձեցին մրոտել իր անունը: Բայց հաջողվեց մոտ 7000 քվե ստանալ:
«Ասեղը պարկի մեջ չի մնում ու վերջին օրով ստոր և դավադիր հարվածով փորձեցին պակասեցնել քվեները, բայց այս անգամ այլ է լինելու պայքարը», – հայտարարեց Արթուր Բաղդասարայանը: