Դուք` ձեզ թալանողները … Փաշինյանը հունից դուրս եկավ Հովիկ Աբրահամյանի անունը լսելուց /տեսանյութ/
Գյումրիում թաղից թաղ, բակից բակ գնալով «Ելքը» քարոզարշավը շարունակեց ավտոբուսում` Քաջ Նժդեհի սուրը շողշողա երգելով: Այսօր Շիրակի մարզում էր «Ելք» դաշինքի անդամները: Նրանք նախ շրջել են մի քանի գյուղերով, ապա այցելել են Գյումրի: Գյուղերում հանդիպումները ընթացել են հարց ու պատասխանով: Ուշագրավ էր, Ախուրյան համայնքի հանդիպումը, որի ընթացքում, ախուրյանցիներից մեկը հարցրել է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի միացել ընդդիմադիր ուժերին, մասնավորապես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Այս հարցից Նիկոլ Փաշինյանը բորբոքվել է, նշելով, որ ինքը չի կարող միանալ այն ուժերի հետ, որոնք նման վիճակի են հասցրել երկիրը: «Ժողովուրդ ջան, գնացեք դուք իրենց ընտրեք, թող էլի ձեզ թալանեն… Մենք գնացել, բանտ ենք նստել, հարյուր անգամ քրեական հետապնդման ենք ենթարկվել, ես Հայաստանում 95 թվից հետապնդումների եմ ենթարկվել, հիմա դուք ինձ ասում եք՝ ինչու՞ Սերժի օգնականների հետ չես միավորվում:
Ժողովուրդ ջան, այս ընտրությունների ժամանակ դուք ընտրություն եք կատարելու, դուք եք որոշելու այս երկիրը երկիր է, թե՝ ոչ: …Ես յոթ ամիս առաջ, էս կողքի տնից փոցխ եմ ուզել, այս տարածքը մաքրել եմ: Ասել եմ՝ սա է երկիր սարքելը, քանի դեռ մենք զիբիլի մեջ նստած ենք, մենք երկիր չենք կարա լինել: Քանի դեռ մենք գողական ենք ու մեր համար զապադլոյա զիբիլ վերցնելը, մենք երկիր չենք դառնա:
…Էկել եք, ինձ ասում եք՝ խի չեք զիբիլոտվել, լավ եմ արել, գնացեք զիբիլներին ընտրեք, զիբիլների հետ էլ ապրեք: Պարզվում ա, որ Հովիկ Աբրահամյանի հետ էլ պետք է միավորվե՞նք, համաձայն չեմ»,- վրդովվել է Նիկոլ Փաշինյանը:
Իսկ Գյումրիում «Ելք» դաշինքի անդամները այցելել են տարբեր թաղամասեր, բարձրախոսով իրենց ծրագրերը ներկայացրել գյումրեցիներին: Մարդիկ պատշգամբներից հետևել են, Նիկոլ Փաշինյանն էլ բարևներ է փոխանցել ընատնիքի անդամներին:
Թաղամասի փողոցներով քարոզարշավը ավարտելուց հետո «Ելք>> դաշինքի անդամները բարձրացել են քաղաքային տրանսպորտ: Ավտոբուսում հայրենասիրական երգեր երգելով գնացել են մեկ այլ թաղամաս` քարոզարշավը շարունակելու: