Զարմացած եմ. Վիգեն Սարգսյանը՝ Սեյրան Օհանյանից
Պաշտպանության նախարար, ՀՀԿ համապետական ցուցակի առաջնորդ Վիգեն Սարգսյանն այսօր «Ազատություն» TV-ի եթերում հայտարարել է, որ իրեն զարմացնում է պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի բացահայտ պայքարը Հանրապետական կուսակցության դեմ:
«Ճիտն ասած, հետեւում եմ քարոզարշավին թեթեւ, ու ինձ զարմացնում է այդ բացահայտ պայքարը Հանրապետականի դեմ, որը պարոն Օհանյանն անձամբ է հայտարարել, որ պայքարում է Հանրապետական կուսակցության դեմ եւ զարմացնում է իր ջերմ երկխոսության պատրաստակամությունը մի շարք ուժերի հետ, որոնց հետ իր հարաբերությունները ինձ հայտնի են նախկինից, բայց իր ընտրությունն է, ես որեւէ բան չեմ կարող հակադրել: Իր սահմանադրական իրավունքն է պայքարել ու առաջադրվել: Մարդու անձնական իրավունքն է հայտնվել տարբեր կողմերում՝ կախված նրանից, այսօր պաշտոն ունի, թե չունի, կարծում եմ՝ կարեւոր բաղադրիչ է այդ ամեն ինչում անցած մարտական ուղին, եւ այն ուղին, որը անցել է շատ մարդկանցով»,-ասել է Վիգեն Սարգսյանը:
Պաշտպանության նախարարին զարմացրել է նաեւ Սեյրան Օհանյանի՝ բանակը զրոյից կառուցելու հայտարարությունը:
«Անկեղծ ասած, ինձ զարմացնում է իր կողմից այն թեզը, որ ինքը բանակը զրոյից կառուցեց: Ես մինչ իր նախարար դառնալը բանակում ծառայել եմ եւ շատ լավ հիշում եմ բանակի զարգացումը տարբեր փուլերում, եթե դա օգնում է իրեն ավելի ամուր երեւալ հանրությանը, իր ընտրությունն է, ես այդպես չէի անի»,-ասել է Վիգեն Սարգսյանը: