28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անիրավների վերջն էլ է գալիս ու նրանք զրկվում են կուտակած հարստությունից և պաշտոններից

«․․․Հողի վրա աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ» (Ղուկ. 16:3)

Ղուկաս Ավետարանիչը ներկայացնում է մեզ Հիսուսի առակներից մեկը, որը կոչվում է Անիրավ Տնտեսի առակը։ Այս Կիրակին նվիրված է այս առակի պատմությանը։ Այն կարող եք կարդալ Ղուկաս Ավետարանչի 16-րդ գլխի 1-13 համարներում։ Ի՞նչ է սովորեցնում մեզ Հիսուս այս առակով։

Տեսնենք, թե ինչպե՞ս է նկարագրում Կ․ Պոլսի Պատրիարք երջանկահիշատակ Շնորհք Արք․ Գալուստյանը այս առակը․

«Նախ ներկայացնենք առակն իր ավետարանական պարզության մեջ:

Հարուստ մեկը մի տնտես ունի։ Տնտեսը հին աշխարհի մեծահարուստ տների բարձրագույն պաշտոնյան է: Տանտիրոջ լիազոր գործակալն է, ով տնօրինում է տան բոլոր գործերը` լինի արտում, այգում, թե առևտրի պարագայում: Նրանից պահանջվող հիմնական հատկությունները հավատարմությունը, հեղինակությունը և ուշիմությունն են, անշուշտ, տնտեսական բավարար գիտելիքներով: Տանտիրոջ ամբողջ հարստությունը և տնտեսական գործառնությունը նրա ձեռքում են: Տանտիրոջ գործերի բարվոք ընթացքը, բարգավաճումը կամ սնանկացումը կախված են տնտեսից: Արդ, առակի մեծահարուստի ականջին շշուկներ են հասնում, թե տնտեսը նրա ունեցվածքը փչացնում է:

Ճշտելուց և համոզվելուց հետո, որ ասվածները ճիշտ են, մի օր էլ հանկարծ տնտեսին կանչում է և ասում. «Քեզ համար աննպաստ այս ի՞նչ լուրեր են, որ ստանում եմ, տնտեսությանդ առկախ հաշիվները տուր, որովհետև այլևս չես կարող տնտես մնալ»: Մարդն անակնկալի է գալիս, շփոթության մատնվում, չի փորձում ճիգ անել ինքն իրեն պաշտպանելու` վախենալով, որ դուռ կբացվի քննության համար, որից, գիտեր, որ անմեղ դուրս չի գա: «Հնազանդ եմ հրամանիդ, տեր իմ, ինձ մի փոքր ժամանակ տուր հաշիվս պատրաստելու»,- կարողանում է ասել ու ակնածալից խոնարհությամբ դուրս է փախչում: Սկսում է մտածել. ի՞նչ պետք է աներ գործից ազատվելուց հետո, ինչպե՞ս պիտի շահեր իր օրապահիկը:

Ուրիշ աշխատանքի վարժված չէր. ոչ կարող էր արտ հերկել, ոչ էլ` պարտեզ փորել: Դրամ էլ չէր խնայել, որ գոնե որոշ ժամանակ ապրեր: Ձեռքն ընկածը վատնել էր կերուխումի և խաղամոլության մեջ: Ընտանիք էլ չէր կազմել, որպեսզի գլուխը դնելու տեղ ունենար. նրա նման եսասեր հաճոյամոլի համար ընտանիքը բեռ էր: Սրանից, նրանից դրամ խնդրելով ապրելն էլ ամոթ էր համարում: Օգնության հասավ նրա բնական ուշիմությունը. «Գիտեմ անելիքս, որ երբ տնտեսի իմ պաշտոնից հեռացվեմ, պարապ չմնամ»: Եվ մեկիկ-մեկիկ մոտն է կանչում իր տիրոջ պարտապաններին ու նրանց պարտքերը քչացնում… (Ղուկ․ 16։5-8):

Տանտերն իմանում է նաև այս խարդախության մասին և, ավելացնում է Ավետարանը՝ «գովեց անիրավ տնտեսին, որովհետև իմաստությամբ գործեց», այսինքն` տանտերը գովում է անիրավ տնտեսին, որովհետև խելացի էր վարվել: Ավետարանի այս խոսքն առակի հարուցած գայթակղությունն իր գագաթնակետին է բարձրացնում: Գործված խարդախությունները կարծես բավական չէին, այդ ամենին վրադիր դրանք գործողին գովում էլ են…»։

Սահակ Եպս․ Մաշալյանն ասում է․ «Պահքը մարդուն որեւէ գայթակղությունից հրաժարվելու ունակություն է սովորեցնում, հրաժարում, որից սկսվում է ինքնազսպումը կամ անձի ուրացումը: Քրիստոս ասում է. «Եվ ով իր խաչը չի վերցնում ու Իմ ետևից չի գալիս, Ինձ արժանի չէ» (Մատթ. 10:38): Այս առակը հորդորում է յուրաքանչյուրին հրաժարվելով և ինքնազսպմամբ հասնել փրկության: Առակի այլաբանական իմաստն այս է: Հարուստ մարդը խորհրդանշում է Աստծուն, անիրավ տնտեսը` մեղավորին, որը երկար ժամանակ անհոգ կերպով վատնում էր Աստծո տված շնորհները, մինչեւ որ Աստված նրան պատասխանատվության է կանչում: Անիրավ տնտեսը խորհրդանշում է այն բոլոր մարդկանց, ովքեր զղջում են, ներում իրենց պարտապանների պարտքերը և սիրելի դառնում հրեշտակներին ու արդարներին»:

Հիսուս այս առակը խոսել է առաջին դարում։ Անցել է երկու հազար տարի։ Ի՞նչ են փոխվել։ Ժամանակնե՞րը, մարդկանց բնավորություննե՞րը, անիրավ տնտեսները պակասե՞լ են։ Արդյոք այսօր էլ չկա՞ն անիրավներ, որոնք չարաշահում են իրենց վստահված պաշտոնները, մտածելով միայն իրենց անձնական շահի մասին։ Դժբախտաբար շատ անգամներ այսպիսիները անպատիժ են մնում, ցավ պատճառելով բարի, ազնիվ ու օրինակելի կյանքով ապրող մարդկանց։

Սակայն ինչպես չարի վերջը գալիս է և նա պատժվում է, այսպիսի անիրավների վերջն էլ է գալիս ու նրանք զրկվում են ամեն ինչից, թե իրենց անօրինական կուտակած հարստությունից, թե՝ ունեցվածքից և թե իրենց պաշտոններից, ինչպես պատահեց առակի անիրավ տնտեսին։ «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի. չեք կարող ծառայել Աստծուն և` մամոնային» (Մատթ. 6.24, Ղուկ. 16.13),- ասում է մեր Տերը։

Փորձենք լինել ոչ թե անիրավ տնտեսներ, այլ՝ ճշմարիտ տնտեսներ, որպեսզի կարողանանք ճիշտ օգտագործել մեզ տրված հնարավորությունը՝ նախ բարոյական կյանքի մեջ փոփոխություններ մտցնելու և հետո՝ դրանով անմահությունը ժառանգելու համար։ Ամեն։

 Հովսեփ քահանա Հակոբյանի քարոզը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ