Ինչու հետ մղվեց բանակցային գործընթացը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները չեն ընթանում, քանի որ անցած տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան շատ լուրջ հարված է հասցրել բանակցային գործընթացին:
Այդ մասին այսօր Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարության մասին, թե ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցությունները կասեցվել են ՀՀ պատճառով:
«Բանակցային գործընթացը հետ մղվեց: Հենց այդ պատճառով է, որ Հայաստանը և Մինսկի խմբի եռանախագահները քայլեր ձեռնարկեցին ու շարունակում են ջանքերը, բանակցային գործընթացն առաջ մղելու համար համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ։ Հայտնի է, որ միջազգային հանրությունը, Մինսկի խմբի համանախագահները, Հայաստանը խոսում են մեկ լեզվով, իսկ Ադրբեջանը՝ այլ: Հենց Ադրբեջանն է հրաժարվում կատարել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռքբերվեցին Վիեննայում, ապա՝ Սանկտ Պետերբուրգում»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Արտգործնախարարը տեղեկացրեց նաեւ, որ մարտի 28-ին համանախագահները գալու են Հայաստան, լինելու են նաև Ղարաբաղում։