Առնվազն այս 4 քաղաքական ուժերը լինելու են խորհրդարանում (տեսանյութ)
«Իրականում, բացառությամբ 2-3 քաղաքական ուժերի, որոնց գաղափարախոսական, քաղաքական ուղղվածությունները, միգուցե, տարբերվում են մյուսներից, մնացածի մոտ այդքան էլ մեծ տարբերություն չենք տեսնում»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանն`անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ծրագրերին:
Քաղաքագետը նշեց, որ ներքին և արտաքին քաղաքականության առումով ամեն մի կուսակցություն փորձում է տարբեր նիշ վերցնել, բայց այդքան էլ չեն տարբերվում իրենց վարած քաղաքականությամբ ու մոտեցումներով: «Եվ այս առումով ընտրությունները կարելի է համեմատել հետխորհրդային դաշտի ընտրական գործընթացների հետ, երբ անձերի և քաղաքական ուժերի ադմինիստրատիվ հնարավորություններն ավելի շատ դեր են խաղում նախընտրական կամպանիայում, քան գաղափարներն ու ծրագրերը»,-նկատեց նա:
Ըստ Սերգեյ Մինասյանի` տարբերվող է «Ելք»-ի ու «Ազատ դեմոկրատներ»-ի մոտեցումը արտաքին քաղաքականության վերաբերյալ, քանի որ այս ուժերն ավելի շատ պրոարևմտյան են: Բացառություն է դիտարկվում նաև Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ծրագիրն ու կարգախոսը, որ Արցախի հարցի շուրջ տարբերվող մոտեցումներ են փորձում ներկայացնել: Սակայն քաղաքագետն ասաց, որ այս դիրքորոշումն էլ այդքան չի տարբերվում իշխանությունների ներկայացրածից:
Հարցին, թե որ կուսակցությունները կհայտնվեն խորհրդարանում, նա պատասխանեց. «Առնվազն ես գիտեմ մեկ կուսակցություն, որ չի լինելու, Կոմունիստական կուսակցությունն է: Խնդիրներ կարող են ունենալ Ազատ դեմոկրատները, Արթուր Բաղդասարյանի ուժը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան քաղաքական ուժը ևս լուրջ քարոզչության ու ճնշման տակ է: Առնվազն 4 քաղաքական ուժի մասին կարող ենք ասել, որ նրանք լինելու են խորհրդարանում»:
Շարունակությունը` տեսանյութում: